Սիրելի ագրարայինցիներ։
Հայաստանն ու հայությունն այսօր՝ հունվարի 28-ին, նշում են Հայոց բանակի օրը։ Անկախության վերակերտման երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը՝ երիտասարդ, բայց արդեն բազում պատմական փորձությունների միջով անցած Հայոց բանակը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության պետական առավել կայացած, պետության ու ժողովրդի կյանքում առանցքային դերակատարություն ունեցող հաստատությունը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հազարավոր ուսանողներ ու շրջանավարտներ արդեն 29 տարի համալրել ու շարունակում են համալրել Հայոց բանակի տարբեր ստորաբաժանումները։ Նրանցից շատերը հայրենասիրության, արիության ու հերոսության բազմաթիվ օրինակներ են ցույց տվել Արցախյան առաջին պատերազմում, 2016թ․ Ապրիլյան քառօրյայում եւ Արցախյան երկրորդ՝ աննախադեպ ծանր պատերազմում։ Շատերին էլ, ավաղ, կորցրել ենք Հայրենիքի փրկության, հայրենատիրության ու պետականակերտման դժվարին ճանապարհին․ նրանց անունները կմնան մեր սրտերում եւ հավերժական փառքի կարժանանան։
Ահա մեր խոնարհ հերոսներն են նաեւ, որ մեզ մղում են շարունակելու ռազմաճակատում իրենց պաշտպանած Հայրենիքի շենացման գործը, նրանք են, որ բոլորիս ստիպում են խորապես ընկալել վերջնական հաղթանակի ու խաղաղության, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, կրթության արժեքն ու գինը։
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին, երկրի սահմանը պահող զինվորներին ու սպաներին, նրանց մերձավորներին եւ առհասարակ մեր ժողովրդին շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Մերոնք ուժի, կորովի, խելամտության ու հայրենանվիրման պակաս երբեք չեն ունեցել․ մաղթանքս է, որ մեր ժողովրդի բնատուր այս հատկանիշներին եւ 21-րդ դարին հարիր տեխնոլոգիաներ ունենանք ու կիրառենք հանուն մեր երկրի վաղվա արժանավայել հզորության։
Մի ճակատ էլ կրթությունն է։ Ագրարային համալսարանն այսօր գտնվում է վերափոխումների, չընդհատվող առաջընթացի մի փուլում, որը պատիվ կբերեր որեւէ առաջնակարգ կրթական հաստատության եւ, որ մեզ համար շատ կարեւոր է՝ դույզն ինչ չէր նսեմացնի այն վեհ նպատակները, հանուն որոնց անմահացան մեր հերոս պատանիներն ու երիտասարդները։
Տոները սովորաբար ուղեկցվում են պարգեւներով․ Ագրարային համալսարանն իր ներկա եւ ապագա ուսանողներին մշտապես նույն պարգեւն ունի հանձնելու՝ ամենաարդիական գիտելիքը, որը հզորագույն զենքն է հմուտ եւ ճիշտ նպատակով բանեցնողի ձեռքում՝ այսօր եւ միշտ։
Սիրելի ագրարայինցիներ, հունվարի 28-ի խորհուրդը «Ազգ-բանակ» հայեցակարգի խորհուրդն է, որն ուղեցույց պիտի լինի տարվա մնացած բոլոր օրերի համար։ Մեր համալսարանն այդ խորհրդի կրողն է կրթության եւ երկրի տնտեսության զարգացման մակարդակում։ Արժանի լինենք մեր հերոսներին եւ այս խորհրդին։