Փետրվարի 20-ին տեղի ունեցավ ագրոտեխնոլոգիական ստարտափների 3-րդ մրցույթը, այս անգամ՝ արդեն ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների նորաբաց ինկուբատորում: Եզրափակիչ փուլին մասնակցում էին 96 ստարտափ թիմերից ընտրված 10-ը՝ իրենց հետաքրքիր, գյուղոլորտի տեխնոլոգիական զարգացմանը միտված նորարար բիզնես գաղափարներով:
Միջոցառումն անցկացվում էր «ԵՄ կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» նախագծի շրջանակում, որն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ գործընկերությամբ: Վերոնշյալ կազմակերպությունների, ինչպես նաեւ Nation in Action հարթակի, ICARE հիմնադրամի եւ Ագրարային համալսարանի համատեղ ջանքերով իրադարձությունը մեծապես սպասված էր գյուղատնտեսական եւ ստարտափ հանրության կողմից: Հյուրերի եւ ժյուրիի անդամների ներկայացուցչական կազմն արդեն շատ բան էր ասում այս մրցույթի բուն նպատակի իրականացման գործում պետության, մասնավոր բիզնեսի, միջազգային կառույցների եւ փորձագիտական շրջանակների հետաքրքրության մասին: Իսկ այդ նպատակն էր՝ գյուղատնտեսության ոլորտում առկա հրատապ խնդիրների նորարարական, տեխնոլոգիական լուծումներ գտնելու միջոցով մոտ ապագայում Հայաստանում ունենալ առաջահեն, տվյալահեն գյուղատնտեսություն:
Ողջույնի իրենց խոսքերում հյուրերը նախ ըստ արժանվույն գնահատեցին վերջին երկու-երկուսուկես տարում Ագրարային համալսարանի փոխակերպման գործընթացը, որը հենց հնարավորություն եւ համապատասխան պայմաններ է ստեղծել նորարարական գաղափարների նման մրցույթի համար: Ի դեպ, մրցույթի մրցանակային ֆոնդը, համեմատած նախորդ երկու ստարտափ մրցույթների ֆոնդերի հետ՝ էականորեն մեծացել է՝ կազմելով 35 հազար եվրո: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Ագրարային համալսարանի շրջանավարտ Արման Խոջոյանը չթաքցրեց նոր, հետաքրքիր, աշխատող գաղափարներ տեսնելու իր մեծ ցանկությունը՝ դիպուկ կերպով նշելով, որ «այսօր ոչ թե խոշոր բիզնեսներն են կլանում մանրերին, այլ՝ արագները դանդաղներին»: Իսկ հարազատ համալսարանի մասին, համեմատական տանելով իր ուսանողական տարիների փորձառության հետ, նշեց. «Համալսարանը վստահորեն մոտենում է երազանքների համալսարանի իմ պատկերացումներին»:
Իրադարձությունը ջերմորեն ողջունեցին եւ արժեւորեցին Բարձր տեխնոլոգիաների փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը (որը տեղեկացրեց ԲՏ նախարարության կողմից ստարտափների խրախուսմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մասին, շեշտելով, որ նորարարական ստարտափները կարեւոր են երկրի տնտեսության բոլոր ճյուղերի, առավել եւս՝ գյուղատնտեսության համար), Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկերսը, Ավստրիական զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի ղեկավար Նորա Ալանակյանը, ինչպես նաեւ հետավար՝ ԱԶԳ-ի վրաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Կարները:
Պարոն Բոկերսը մասնավորապես նշեց. «Միշտ չէ, որ ճիշտ է այն պնդումը, թե գյուղատնտեսությունը տնտեսության ավանդական ճյուղ է: Նորարարությունը գյուղատնտեսության բուն էության հետ խորապես կապված է: Պատահական չէ, որ մենք այդքան կարեւոր ենք համարում գյուղատնտեսական ստարտափների այս մրցույթին մեր աջակցությունը: Նորարարությունը գյուղատնտեսության ոլորտում նշանակում է ոչ միայն տնտեսական, այլեւ ֆինանսական ու սոցիալական խնդիրների լուծում: Իսկ դրա համար ֆերմերը մշտապես պիտի սովորի, ծանոթ լինի նորարարություններին», – ասաց Պասկալ Բոկերսը:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջունելով հյուրերին ու մրցույթի մասնակիցներին, հակիրճ ներկայացրեց Ագրարային համալսարանի՝ վերջին երկու տարում անցած ուղին, որը դեպի ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն անցման հստակ ուղի է: Թե ծրագրային եւ թե ենթակառուցվածքային առումով հսկայական առաջընթացի ուղղվածությունն ու տրամաբանությունը ինքնին գյուղատնտեսական ոլորտի կրթության, գիտության եւ խորհրդատվության «տեխնոլոգիացման» յուրահատուկ ու խոսուն օրինակ են:
Պարոն Ուռուտյանը շեշտեց, որ ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի եւ վերջինիս գործընկերների ջանքերն իրենց հերթին նպաստում են համալսարանի ագրոտեխնոլոգիական ուղղվածությունը անշեղ ու արդյունավետ դարձնելու գործին: Նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ արդեն երրորդ ու անհամեմատ ավելի մասշտաբային ստարտափ մրցույթի կազմակերպման հարցում իրենց ներդրման համար: Մրցույթը նա դիտարկեց համալսարանի՝ նորարարական տեխնոլոգիաներով հագեցած նոր լաբորատորիաների ու կենտրոնների, կրթական ծրագրերի արմատական փոփոխման համատեքստում եւ նշեց, որ «սա սովորելու, կրթվելու, բարձրակարգ մասնագետներ դառնալու գործընթացի կարեւոր մաս է, որին մենք լուրջ տեղ ենք հատկացնում»: Ընդ որում, STEM կրթության արդիական պահանջներից ելնելով, ՀԱԱՀ-ն արդեն ձգտում է ապակենտրոնացնել նորարար կրթական լուծումների ներդրումը՝ համապատասխան հնարավորություններ ստեղծելով նաեւ համալսարանի Վանաձորի, Սիսիանի եւ Շիրակի մասնաճյուղերում, գիտական ստորաբաժանումներում:
«Կանաչ գյուղատնտեսությունը և դրա մարտահրավերները» թեմայով հետաքրքիր ու շահագրգիռ քննարկմանը, որը վարում էր SEF International-ի գործադիր տնօրեն Գարեգին Գեւորգյանը, մասնակցեցին փոխնախարար Արման Խոջոյանը, Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԱԳԲԱ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանը եւ EU-GAIA-ի կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանը:
Այնուհետեւ մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնել եւ հիմնավորել իրենց ստարտափ գաղափարները: Շատ հետաքրքիր գաղափարներից պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրեց հաղթող երեք թիմերի՝ Revalcon-ի, Garoon Tech-ի եւ MiCofe-ի առաջարկները:
Revalcon-ի ներկայացրած գաղափարը վերաբերում է բջջային եւ վեբ հավելվածների միջոցով ոռոգման գործընթացի վերահսկողությանը: Garoon Tech-ի թիմը գյուղատնտեսական մասնագիտական խորհրդատվության հետաքրքիր թվային հարթակ է առաջարկում: MiCofe-ի թիմն էլ առաջարկում է սուրճի մնացորդների վերօգտագործման տեխնոլոգիայի վրա հիմնված էկոլոգիապես անվնաս, կենսաբանորեն քայքայվող օրգանական պարարտանյութ:
Միանալով հաղթողներին շնորհավորողներին, հաջողություն ենք մաղթում հաղթողներին եւ բոլոր մասնակիցներին: Հատուկ շնորհակալություն այս իրադարձության գլխավոր «ռեժիսոր» ու առհասարակ մեր համալսարանը գյուղատնտեսական ստարտափ հանրության կարեւորագույն կենտրոն դարձնող անխոնջ երիտասարդ պրոֆեսիոնալ Հովհաննես Երիցյանին: