ՀԱԱՀ-ի Moodle հարթակն օգտագործվում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման նպատակով

Շարունակվում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման՝ 2020թ․ հունիսի 8-ին մեկնարկած առցանց դասընթացը, որին մասնակցում են 123 անասնաբույժ-մասնագետներ Հայաստանի բոլոր մարզերից։ Վերապատրաստման ծրագրի նպատակն է սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հուլիսի 1-ից գործելու է գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պահանջը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնած նախագիծն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ։

Դասընթացը ներառում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման վերաբերյալ։ Դասավանդող դասախոսները ոչ միայն Ագրարային համալսարանից են, այլեւ՝ Բժշկական համալսարանից, ՍԱՏՄ-ից եւ Ռազմավարական զարգացման գործակալությունից։ Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները ստանում են սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական։

Առցանց դասընթացն անցկացվում է ՀԱԱՀ-ի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգնությամբ։ Հարթակում տեղադրված նյութերը ներառում են նախապես ձայնագրված դասախոսություններ, կարճ տեսանյութեր, տեղեկապատկերներ, ընթերցման նյութեր եւ գիտելիքների ինքնաստուգման համար նախատեսված կարճ թեստեր։

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի խոսքով, ՌԶԳ-ի եւ ՍԱՏՄ-ի հետ մեր համալսարանի գործընկերությունը հիմնված է ստորագրված եռակողմ համագործակցության հուշագրի վրա եւ, անշուշտ, չի սահմանափակվում այս կարեւոր ձեռնարկով:

Վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ հետեւյալ հղմամբ՝ https://anau.HYPERLINK “https://anau.am/training-veterinarian-expert/”aHYPERLINK “https://anau.am/training-veterinarian-expert/”m/training-veteHYPERLINK “https://anau.am/training-veterinarian-expert/”rHYPERLINK “https://anau.am/training-veterinarian-expert/”inarian-expert/։