Այսօր Աշխատավորների միջազգային օրն է, Հայաստանում՝ նաեւ մայիսյան եռատոնի մեկնարկը։ Տարբեր երկրներում աշխատավոր մարդու եւ աշխատանքի արժեւորումը, աշխատավորների համերաշխությունը եւ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը խորհրդանշող այս տոնը հանդես է գալիս տարբեր անվանումներով եւ նույնիսկ նշվում տարվա տարբեր ամսաթվերին։
Սակայն տոնի էությունը դրանից չի փոխվում․ այն լավագույն առիթն է գնահատելու աշխատող մարդկանց վաստակը, մեծարելու ազնիվ աշխատանքի վետերաններին եւ վերահաստատելու վաղվա աշխատաշուկայի համար լավագույն մասնագիտական կադրեր պատրաստելու մեր հանձնառությունն ու վճռականությունը։ Խորհրդային իրականությունից մեր այսօրվա իրականություն փոխանցված տոնը տարեց տարի ձեռք է բերում նոր բովանդակություն, նոր իմաստ ու նշանակություն՝ փոփոխվող երկրի եւ փոփոխվող աշխարհի զարգացումներին համահունչ։
Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր ստորաբաժանումների, դասախոսների եւ ուսանողների կատարած աշխատանքը եւ շնորհակալություն եմ հայտնում հատկապես համավարակի ճգնաժամի պայմաններում աշխատելու կարողության եւ նվիրվածության համար։
Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ՀԱԱՀ-ի ամբողջ հանրույթին, մեր համալսարանի բոլոր գործընկերներին՝ պետական հատվածում, միջազգային կազմակերպություններում, ոլորտի տարբեր կառույցներում ու հաստատություններում եւ հատկապես հողի աշխատավորներին եւ մաղթում ճգնաժամի հնարավորինս արագ հաղթահարում, առողջություն եւ ներդաշնակություն ընտանիքներում, հաջողություններ ու նվաճումներ աշխատանքում։