ՀԱԱՀ-ի ղեկավարների եւ ուսանողների այցը Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ հաստատված եւ հաջողությամբ իրականացվող գործակցության շրջանակում դեկտեմբերի 4-7-ին ՀԱԱՀ-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելեց այդ համալսարան: Մի խումբ ուսանողներից բացի, պատվիրակության կազմում էին նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պետ Լիանա Վարդանյանը, այլք:
ՀԱԱՀ-ի իրենց գործընկերներին ընդունեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Պավել Գասպարյանը, որը բարձր է գնահատեց Ագրարային համալսարանի հետ գործակցությունը՝ այն դիտարկելով որպես ՇՏՀ-ի զարգացման հնարավորություն:
Ռեկտոր Ուռուտյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ Ագրարայինում պատրաստակամ են գործակցության շրջանակում իրականացնել համատեղ ծրագրեր, փորձուսուցումներ, տարբեր ձեւաչափերի միջոցառումներ ու հարթակներ, աշխատանքի ընթացքում ի հայտ եկող նոր գաղափարներ:
Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Պարոն Հարությունյանի հիմնական ուղերձը վերաբերում էր կրթության դերին, կրթական ոլորտի զարգացման հեռանկարներին: Նա նաեւ բաց դաս անցկացրեց շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ:
Առինքնող էր հանդիպումը Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորների հետ: ՊԲ զորամասեր ուսանողների այցելությունները Շուշիի տեխնոլոգիականի համալսարանի ուսանողության մշակույթի մասն է, ինչպես իրենք են ասում՝ պարտավոր են լինել զինվորի կողքին: Ագրարայինի ուսանողները ուրախությամբ միացան նրանց՝ կազմակերպելով ինտելեկտուալ խաղեր՝ մրցանակներով եւ հանդես գալով հայրենասիրական երգերի ու պարերի կատարումով:
Ագրարային համալսարանի պատվիրակությունն այցելեց Շուշիի պատմության թանգարան, Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրաբանական թանգարան, եղավ «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկի») հուշարձանի մոտ, Գանձասարի եւ Դադիվանքի վանական համալիրներում: Ստեփանակերտում ագրարայինցիները Երկրաշարժի զոհերի հուշահամալիրում ծաղիկներ խոհարհեցին 1988-ի աղետի զոհերի հիշատակին:
Շուշիի տեխնոլոգիական համալսարան այցելությունը լիովին ծառայեց երկու համալսարանների միջեւ գործակցության ու բարեկամության խորացման, միմյանց ավելի մոտիկից ճանաչելու, համատեղ նոր ծրագրեր նախանշելու եւ, անշուշտ, արցախաճանաչության նպատակին: