Կանաչ շաբաթվա մասնակիցները տեղեկացան ՀԱԱՀ-ի երկու նոր մագիստրոսական ծրագրերի մասին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2020-2021 ուսումնական տարին նշանավորող իրադարձություններից է Օրգանական գյուղատնտեսություն եւ Կայուն գյուղատնտեսություն մագիստրոսական կրթական ծրագրերի մեկնարկը: Արդիական այս ծրագրերի հանրայնացման ուղղությամբ ՀԱԱՀ-ի ջանքերին միանում են նաեւ համալսարանի հին ու բարի գործընկերները: Կանաչ արահետ ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանի նախաձեռնությամբ, կազմակերպության Կանաչ ուսուցման կենտրոնում կազմակերպված սեմինարի բանախոսներն էին ՀԱԱՀ-ի բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը եւ ICARE հիմնադրամի Օրգանական գյուղատնտեսություն եւ Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում ծրագրերի ղեկավար Աստղիկ Սահակյանը:

ՀԱԱՀ-ի երկու նորարարական, միջազգային փորձի հաշվառմամբ ստեղծված կրթական ծրագրերի առավելություններն ու գործնական նշանակությունը բանախոսները հիմնավորեցին առհասարակ օրգանական գյուղատնտեսության եւ հարակայուն գյուղատնտեսության ոլորտների, միջազգային զարգացումների, մեր երկրում դրանց զարգացման հեռանկարների ու նախադրյալների համատեքստում: Դասընթացին մասնակցող ֆերմերները, ոլորտի մասնագետները, Կանաչ արահետ ՀԿ-ի անդամ կոոպերատիվների ու միջազգային կառույցների ներկայացուցիչները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին պարոն Գեւորգյանին եւ տիկին Սահակյանին: Նշված մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկաները բարձր գնահատեցին Ագրարային համալսարանում թափ առած բարեփոխումների ընդհանուր համատեքստում, որպես դրանց կարեւոր բաղկացուցիչ մաս եւ ոլորտի արդի խնդիրների լուծման բանալի:

Սեմինարը Կանաչ արահետ ՀԿ-ի՝ սեպտեմբերի 21-ին մեկնարկած «Կանաչ շաբաթ» նախաձեռնության շրջանակում էր: Իրադարձություններով, ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ իրականացվող գործնական դասընթացներով հարուստ Կանաչ շաբաթվա վերջին երկու օրերին՝ սեպտեմբերի 26-ին եւ 27-ին տեղի կունենա Գյուղական կյանքի եւ ավանդույթների ամենամյա փառատոնը, այս անգամ՝ հենց Կանաչ ուսուցման կենտրոնում: Մասնակցելու են ֆերմերային բազմաթիվ խմբեր Հայաստանից, ինչպես նաեւ տարածաշրջանի մի քանի երկրներից: