Գյուղատնտեսական կենդանիների բուծման եւ կերակրման ամբիոնի երկարամյա վարիչ, գ.գ.թ., դոցենտ Վոլոդյա Աբրահամյանի ողջ կյանքը դասական օրինակ է հայրենիքին ու ընտրած մասնագիտությանը անմնացորդ նվիրումի: Որ ասպարեզում էլ աշխատեր՝ երկրի կառավարման, բուհական համակարգեր, թե աջակցություն ֆերմերային տնտեսություններին, իր գործն անում էր մեծագույն պատրաստակամությամբ, սիրով: Եւ մեծ ու փոքրով նրանից սովորում, փոխ էին առնում զուսպ ու կոկիկ աշխատաոճը, բծախնդրությունը, կարգ ու կանոնը:
Ավարտել էր ԵԱԱԻ, վերապատրաստվել էր Մոսկվայում, ՀՀ գիտակրթական կապերի շնորհիվ վերջին տասնամյակներում ուսումնասիրել էր նաեւ արեւմտյանն ու հաջողությամբ համատեղել էր ազգային ավանդական ու համաշխարհային ժամանակակից փորձը: Նա բազում միջազգային ծրագրերի մասնակից էր, միշտ հարգված ու սպասված հեղինակություն, որի խոսքը-խորհուրդը-հորդորը ընդունում ու կիրառում էին անվերապահորեն, համոզված, որ վստահաբար հենց դա է հաջողության տանող բանալին:
Վոլոդյա Աբրահամյանը սիրված ու գնահատված ընկեր էր, ուսուցիչ, օրինակելի ընտանիքի հայր: Եւ պատահական չէ, որ 2004թ. «Լավագույնից լավագույնը» մրցույթի «Լավագույն դասախոս» անվանակարգում հաղթող էր ճանաչվել, պարգեւատրվել էր ՀՀ «Անանիա Շիրակացի», ԳՆ, ՀԳԱ ոսկե մեդալներով, «Պատվո նշան» շքանշանով:
Ագրարային կրթությունն ու ոլորտը մեծ կորուստ կրեցին, չլրացվող կորուստ եւ Վոլոդյա Աբրահամյանի տեղը թափուր կմնա…