Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վերակառուցման-վերափոխման ընդհանուր գործընթացի համատեքստում ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղն ընդլայնում է միջազգային համագործակցությունը: Մասնաճյուղում լավ են հասկանում, որ հայկական գինու վերածննդի այս տարիներին գիտական գործակցությունն ու փորձի փոխանակումը կարեւոր դեր են կատարում գինու արդյունաբերության հետագա զարգացման համար հաստատութենական հիմքերի ամրապնդման տեսակետից:
Այս առումով գիտական մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գարուշ Սամվելյանը կարեւոր է համարում գիտական հին կապերի ամրապնդումը եւ նորերի ստեղծումը: Կապերի ամրապնդման լավագույն հնարավորություն էր 2019թ.-ի նոյեմբերին Օդեսայում կայացած Թայիրովյան միջազգային ընթերցումներին իր եւ Գագիկ Մելյանի մասնակցությունը: Թայիրովյան ընթերցումները տեղի ունեցան Օդեսայում՝ Վ. Թայիրովի անվան խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտում եւ նվիրված էին հայ անվանի այգեգինեգործ Վասիլ Թայիրովի ծննդյան 160-ամյակին: Հոբելյանը լավ առիթ ծառայեց այդ ինստիտուտի եւ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոնի միջեւ գործակցային համաձայնագրի ստորագրման համար:
Դեկտեմբերին մերոնք եղել են նաեւ հարեւան Վրաստանում`վերստեղծելու գիտական կապերը Վրաստանի այգեպտղաբուծության, խաղողագործության եւ գինեգործության գիտահետազոտական ինստիտուտի հետ: Վրաց գործընկերների հետ գիտական գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն համապատասխան պայմանագրով: