Իրականություն է դառնում տարիներ առաջ երազածը. փորձուսուցում աշխատանքի հեռանկարով

Կադաստրի կոմիտեի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փոխհամաձայնության շրջանակում, 2020 թվականի հունվարի 15-ից Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտության 5-րդ կուրսի 5 ուսանող (լավագույնները) Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում անցնում է փորձուսուցում, հետագայում նաև աշխատանքի տեղավորվելու հեռանկարով: Այս շատ կարևոր քայլի նախաձեռնողը Կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանն է, որը մինչեւ վերջերս ՀԱԱՀ-ի Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչն էր: Փորձուսուցումը համակարգում է ամբիոնի ներկայիս վարիչ Արայիկ Հակոբյանը:

Փորձուսուցման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն սովորելու իրենց մասնագիտական ոլորտի թերևս ամենապատասխանատու և ամենահետաքրքիր «հատվածի»` անշարժ գույքի գրանցման գործընթացի բոլոր նրբությունները, առանձնահատկությունները:

Թեև ընդամենը մի քանի օր է անցել, բայց բոլոր ուսանողները միաբերան նշում են, թե որքան հագեցած է անցնում փորձուսուցումը, ինչքան նոր ու կարևոր գիտելիքներ են արդեն ձեռք բերել: Ոգևորված ընդգծում են նաև, թե դեռ որքան հետաքրքիր բացահայտումներ են սպասում որակյալ, արտադրության ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետ դառնալու ճանապարհին:

Ուսանողներն իրենց երախտագիտությունն են հայտնում Կադաստրի կոմիտեի և Ագրարային համալսարանի ղեկավարություններին` նման բացառիկ հնարավորության համար:

«Փաստորեն այսօր իրականություն է դառնում այն, ինչի մասին տարիներ առաջ երազել չէին կարող «Հողաշինարարության և հողային կադաստր»-ի անգամ ամենափայլուն շրջանավարտները` աշխատել մասնագիտությամբ, փորձուսուցումների ընթացքում ձեռք բերել իսկապես անհրաժեշտ, կիրառելի հմտություններ և գիտելիքներ», – ասում է Աշխարհատեղեկատվական համակարգերի դասախոս Նանե Խուդավերդյանը: