Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիանո Վերգարայի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին կայացած առցանց հանդիպմանը ՀԱԱՀ-ից մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, ՀԱԱՀ Ոսկեհատի փորձացուցադրական դաշտի պատասխանատու Լիլիթ Սիմոնյանը:
Քննարկմանը մասնակցում էին նաեւ Ապրանքային նշանների միջազգային ընկերակցության (INTA), Տիեռաս դե Արմենիայի, ՀԲԸՄ հայաստանյան եւ Բուենոս Այրեսի գրասենյակների ներկայացուցիչները: Հետաքրքիր քննարկման գործնական արդյունքներից մեկը եղավ այն, որ Տիեռաս դե Արմենիա ընկերության աջակցությամբ առաջիկայում ՀԱԱՀ-ի Ոսկեհատի տնտեսության կես հեկտարի վրա կտեղադրվի կարկտապաշտպան ցանց, ինչպես նաեւ կկատարվի 6-8 տարբեր տեսակների բանջարեղենի ցանք, կանցկացվի կաթիլային ոռոգման համակարգ:
Այսպիսով, Ոսկեհատում կունենանք փորձարարական եւս մեկ հողատարածք, որ նշանակում է սովորելու, գործնական հմտություններ ձեռք բերելու եւս մեկ գերազանց հնարավորություն մեր ուսանողների, դասախոսների եւ հարակից համայնքների ֆերմերների համար:
Հանդիպման ժամանակ պարոն Ուռուտյանը Արգենտինայի դեսպանին հրավիրեց առաջիկայում այցելել Ոսկեհատի ՈՒՓՏ, որը պարոն Վերգարան սիրով ընդունեց: