Երկու նոր պրոֆեսոր ունենք. Գիտխորհուրդն անցկացրեց նաև մեկ դեկանի եւ երեք ամբիոնի վարիչի մրցույթը

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ:

Օրակարգի հիմնական հարցերից առաջինը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2019թ. նոյեմբերի 15-ին հայտարարված՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար մրցույթի անցկացմանը եւ Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների, Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնների վարիչների պաշտոնների համար մրցույթի անցկացումը: Գիտխորհուրդն անցկացրեց նաեւ պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու մրցույթը:

Դեկանի եւ ամբիոնների վարիչների պաշտոններին հավակնում էին մեկական թեկնածու, համապատասխանաբար՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆ. Էդուարդ Ղազարյանը, գյուղատնտեսական գիտ. թեկնածու, դոցենտ Մանվել Բադալյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտ. դոկտոր, պրոֆ. Աղավարտ Խաչատրյանը եւ տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Մարինա Կարախանյանը:

Հավակնորդների կենսագրական տվյալները ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, որից հետո նրանք հանդես եկան իրենց ղեկավարելիք ստորաբաժանումների զարգացման ծրագրերով, պատասխանեցին գիտխորհրդի նախագահին եւ անդամներին հետաքրքրող հարցերին:

Գիտխորհրդի նիստին ներկա էին 58 անդամներ: Հարդյունս փակ գաղտնի քվեարկության, բոլոր հավակնորդները ստացան Գիտխորհրդի անդամների գերակշիռ մեծամասնության քվեն:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները նույն պատկերն արձանագրեցին նաեւ պրոֆեսորների մրցույցթի դեպքում. պրոֆեսորի գիտական կոչում արժանիորեն ստացան Պարգեւ Տոնապետյանը (Ավտոտրակտորների եւ գյուղատնտեսական մեքենաների ամբիոն) եւ Համլետ Մարտիրոսյանը  (Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոն):

Գիտխորհուրդի անդամները շնորհավորեցին եւ հաջողություն ու բեղմնավոր աշխատանք մաղթեցին նորընտիր ղեկավարներին ու պրոֆեսորներին: