Ավագ սերունդը հաստատապես կհիշի՝ վերնագիրը տող է խորհրդային երգից: Այո, մինչ տեսությամբ զորանում-իմաստնանում ենք, տարիքի հետ կորցնում ենք գործելու եռանդը:
Stamina ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանը, որն իր գործի կայացած մասնագետ է, զգաց աշխատաշուկայում վաճառքի հմուտ-գիտակ, անգամ կարելի է ասել նաեւ՝ նորաոճ, մասնագետների պակասը եւ բացը լրացնելու կարեւոր գործին ձեռնամուխ եղավ:
«Վաճառք հանուն աճի» ծրագրի նպատակն է փոխել ԱՌ ԵՒ ՏՐԻ մասին կարծրատիպերն ու ձեւավորել նոր մշակույթ: Առաքելությունն է՝ կրթել ու զարգացնել մասնագետներ, որոնք գիտեն վաճառքի ոլորտի նրբությունները եւ ի զորու են դրանք գործի դնելու:
Stamina-ն համագործակցում է ՀՀ-ի բազմաթիվ ընկերությունների հետ, ի մասնավորի՝ ՏՏ ոլորտի, որոնք ունեն «պրոդուկտ» եւ իրացման խնդիր:
Ներկայացվող ընկերությունը ցանկացողներին հնարավորություն է տալիս մասնակցելու թեստավորմանը, 60 եւ ավելի միավոր հավաքածների տվյալները փոխանցում է գործատուին, որը հանդիպել-զրուցելուց հետո, եթե տեսնում է այն ներուժը, որը կարող է արարող էներգիայի վերածվել, վճարում է 70 ժամ տեւողությամբ վերապատրաստման դասընթացի համար: 70՝ հենց այսքան է պետք տեսական եւ գործնական կարողությունների զարգացման համար: Կարողություններ, որոնք կկիրառվեն-գործի կդրվեն երեք փուլով՝ նախավաճառք-վաճառք-ետվաճառք:
Stamina-ի աշխատակցուհիները՝ Լուսինեն եւ Սեդան, հանդիպման մասնակիցներին հավաստիացնում էին, որ համաշխարհային աշխատաշուկայում ՏՏ ոլորտից հետո երկրորդ պահանջարկվածները եւ բարձր վարձատրվողները վաճառքի մասնագետներն են:
Հանդիպման վերջում մեր հյուրերը շնորհակալություն հայտնեցին ՀԱԱՀ ղեկավարությանը, կարիերայի կենտրոնի աշխատակիցներին՝ ընձեռված հնարավորության եւ համագործակցության համար, որը կարծում ենք շարունակական եւ արդյունավետ կլինի: