Դիտարկում-քննարկում. լիզինգը խորությամբ եւ համակողմանի

Ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ, այսօր՝ փետրվարի 17-ին, հանդիպում տեղի ունեցավ «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Արսեն Բազիկյանի հետ: Համակողմանիորեն դիտարկվեց լիզինգային իրավիճակը ՀՀ-ում, հատկապես՝ ագրոլիզինգի համակարգում:

Բանախոսը հենց սկզբից խոստացավ, որ հանդիպումը դասախոսության չի վերածի, այլ միացյալ ուժերով կքննեն լիզինգի առանձնահատկությունները՝ որպես ֆինանսական գործիք եւ տնտեսավարման միջոց: Շատ կենդանի-աշխույժ ոճով դիտարկվեցին լիզինգ եզրույթը, տարատեսակները, ոսկե կանոնները, լիզինգային գործարքների փուլերը: Ընդ սմին, շատ կարեւոր նրբություն՝ լիզինգը պետք է սկսվի պահանջարկից (երբեմն, սխալմամբ՝ վեկտորը հակառակ է լինում):

Ագրոլիզինգի ամենաբնորոշ-ակնառու օրինակները առնչվում են գյուղտեխնիկային, որոնք էլ դիտարկվեցին՝ ոչ հեռավոր անցյալի սխալները վերլուծելով: Պարոն Բազիկյանը նշեց, որ պետական աջակցության ծրագրերը միտված են օգնելու ֆերմերներին՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի հարցում:

Ձեռքբերում – վարկ – լիզինգ զուգահեռ դիտարկումը շատ ակնառու ցույց տվեց, որ վերջինը ֆինանսական տեսակետից ամենահարմարն է:

Բանախոսը ներկայացրեց նաեւ «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վաճառքի ուղղությունները, մատակարարող ընկերությունների ընտրության չափորոշիչները:

Հանդիպումն իսկապես հետաքրքիր էր: Ներկաները բազում հարցեր ուղղեցին հյուրին ու ստացան լիարժեք պատասխաններ:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Ամալյա Գալստյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին եւ հրավիրյալ դասախոսության նախաձեռնողին՝ ամբիոնի դասախոս Արման Տոնիկյանին՝ շատ կարեւոր թեմայով ուսանելի զրույցի համար: Կողմերը համակարծիք էին. այս կարգի դասախոսությունները ցանկալի է, որ լինեն շարունակական: