Գործընկերների հետ քննարկել ենք Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները  

Անցյալ տարի՝ 2019թ.-ին, ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Երեւանի կանդանաբանական այգու միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը «երկրորդ շնչառության» հնարավորություն է տվել երկու հաստատությունների գործակցությանը: Երեւանի կենդանաբանական այգու կազմակերպած «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները» վերտառությամբ առցանց քննարկումը ասվածի վկայություններից մեկն է:

Կենդանաբանական այգու մասնագետները նախ ներկայացրել են թեմայի վերաբերյալ առկա իրավիճակը, որին հետեւել է գործնկեր-մասնագետների շահագրգիռ քննարկումը: Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կենդանաբանական այգին ընդունել է այգու վերազինման նպատակով գիտակրթական ծրագրեր եւ նոր գործիքներ նախաձեռնելու, մշակելու եւ ներդնելու նոր քաղաքականություն: Պարոն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ Ագրարային համալսարանի ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց գործնական գիտելիքների ավելացմանը։

ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը կարեւոր է համարել Երեւանի կենդանաբանական այգու՝ որպես իր տեսակի մեջ միակ կառույցի, առաքելության կրթական, գիտական ու հետազոտական բաղադրիչը: Տիկին Աբովյանի համոզմամբ, Այգին մեր ուսանողների համար լավագույն հնարավորություններից մեկն է՝ ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքներ եւ ընդհանրապես մրցունակ կրթություն ստանալու առումով:

Հաշվի առնելով գործակցության առաջին «պտուղները» եւ երկու բարեկամ կառույցների ներուժը, թե՛ տիկին Աբովյանը եւ թե՛ պարոն Սիմոնյանը լիահույս են, որ համատեղ արդյունավետ աշխատանքի վերջնարդյունքները դրական խթան կհանդիսանան առհասարակ ոլորտի հետագա զարգացման գործում։

Ինչպես հայտնում են Երեւանի կենդանաբանական այգու մեր գործընկերները, մեկնարկել են Այգու գիտական, կրթական և մշակութային կարողությունները զարգացնելու աշխատանքներ, որոնք, մասնավորապես, նպատակաուղղված են հնարավոր խնդիրները գնահատելուն և կրճատելուն, այգու ներուժը կատարելագործելուն և այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացմանը։

ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետը պատրաստակամ է իր գիտակրթական ներուժն ի սպաս դնելու գործընկեր կարեւոր ու եզակի կառույցի՝ Երեւանի կենդանաբանական այգու նախանշած նպատակների իրագործմանը: