Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական հանրույթին շնորհավորում ենք համալսարանի նոր կայքի գործարկման առթիվ:
Կայքի համար մշակվել է նոր դիզայն, իսկ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ թարմացվել է առկա տեղեկատվությունը։
Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված և գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են ավելի ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն կայքի ճկունության ապահովման համար։
ՀԱԱՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրավորողները կատարել են բոլոր էջերի համապատասխանեցում տարբեր չափերի համակարգիչների և այլ արտաքին սարքերի մոնիտորներին/ցուցասարքերին: Կայքի՝ բջջային հեռախոսներով հասանելի տարբերակի համար ծրագրավորողները շատ էջերում կատարել են առանցքային դիզայներական փոփոխություններ։
Կայքը հետագայում համալսարանի որոշ ստորաբաժանումներին հնարավորություն կտա ինքնուրույն փոփոխելու կամ ավելացնելու իրենց վերաբերող տեղեկատվությունը, որը կնպաստի տեղեկատվության ավելի արագ թարմացմանը: Այդ նպատակով նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ համալսարանի ստորաբաժանումների աշխատակիցների համար և նրանց տրամադրել մուտքաբառեր ու գաղտնաբառեր. ընդ որում անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքի գործիքները թույլ են տալիս հետևել և տեսնել յուրաքանչյուր օգտատիրոջ կատարած փոփոխությունը:
Կայքի նորացված տարբերակին կցված է հայտերի ընդունման համակարգ (ticketing), որը թույլ կտա ավտոմատացնել սպասարկման բաժնի աշխատանքը. hամալսարանի յուրաքանչյուր բաժին այդ համակարգի միջոցով կարող է առցանց լրացնել համակարգչին, տպիչներին և այլ սարքավորումներին առնչվող հայտեր:
Տեղեկատվական ոլորտի զարգացմանը զուգահեռաբար, ինչպես նաև կայքի արդիականացման, որոնողական համակարգերում հասանելիության և ճանաչելիության մեծացման, թիրախային այցելությունների ներգրավման համար մշակվել է որոնողական համակարգերում կայքի լավարկման (SEO) ռազմավարություն: Կայքի յուրաքանչյուր էջի համար կատարվել է համանման կայքերի էջերի կամ թեմայի ուսումնասիրություն, բանալի բառերի որոնում, հավաքում և գնահատում, կազմվել է համապատասխան նկարագրություն, որը հետագայում ներմուծվելու է կայք:
Կատարելագործման աշխատանքները շարունակական են լինելու: Գործընթացը ենթադրում է նաև վարկանիշի վերլուծություն և դրա բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
ՏՏ կենտրոնը սիրով կընդունի նոր կայքի վերաբերյալ համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ անձնակազմերի ներկայացուցիչների կարծիքները, ինչպես նաև կայքի կատարելագործմանը միտված առաջարկները:
- 12/12/2019
- 2019