Գիտխորհրդի տարեվերջյան նիստում ամփոփվեց ՀԱԱՀ-ի՝ գիտական ձեռքբերումներով հարուստ անցնող տարին

ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի՝ դեկտեմբերի 26-ին կայացած տարեվերջյան նիստը հագեցած էր. ամփոփվում էր գիտական ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը: Նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Գիտխորհուրդը լսեց ՀԱԱՀ-ի ենթակայությամբ գործող գիտական կազմակերպությունների ու ստորաբաժանումների 2019 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները:

16 զեկուցում, որի ընթացքում ՀԱԱՀ-ի գիտահետազոտական ինստիտուտների, հետազոտական կենտրոնների ու գիտական մասնաճյուղերի պատասխանատուներն անդրադարձան գիտական և գիտատեխնիկական բազային ֆինանսավորման, ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներին, 2019թ. նշանակալի ձեռքբերումներին, որոնց համադրումը թույլ է տալիս եզրահանգել, որ մեր գիտնականները տպավորիչ ու մրցունակ գիտական արդյունքներ են ապահովել իրենց վստահված գրեթե բոլոր ոլորտներում:

Համալսարանին ենթակա գիտական գրեթե բոլոր կառույցներում անցնող տարին հագեցած է եղել նպատակային բազմաթիվ միջոցառումներով ու բուռն աշխատանքներով՝ գիտարշավներ, դաշտային ու լաբորատոր հետազոտություններ, սելեկցիոն աշխատանքներ, գենետիկական հետազոտություններ, մենագրությունների, հոդվածների տպագրում, միջազգային համագործակցություն, գիտաժողովների մասնակցություն, վերապատրաստումներ, համագործակցություն ֆերմերների և մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ, դրամաշնորհային ծրագրերի իրականացում, գիտական կենտրոնների ենթակառուցվածքների, լաբորատորիաների արդիականացման աշխատանքներ:

Չնայած լիարժեք գործունեության համար լաբորատոր լավ պայմանների բացակայությանը՝ մերոնց գիտական գործունեության արդյունքները, գիտական հետազոտությունների ծավալն ու որակը բուսաբուծության, անասնաբուծության, ագրովերամշակման և հարակից բնագավառներում Հայաստանում չունեն իրենց համարժեքը. նոր պատվաստուկների, սորտանմուշների և մշակաբույսերի ստեղծում, in vitro պայմաններում գենետիկական սորտերի հավաքագրում, խաղողի նոր սորտերի հայտնաբերում, գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերի ուսումնասիրություն և վտանգների կանխարգելման նպատակով միջոցառումների մշակում, ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների պատճառների ուսումնասիրում և կանխարգելման նպատակով նոր համակցությունների ու նոր դեղերի կիրառում, կանաչ կերի արտադրամասի նախագծի մշակում, բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման նոր տեխնոլոգիաների կիրառում, ոչ ավանդական հումքատեսակների կիրառմամբ հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիաների մշակում, գյուղատնտեսական նշանակության նոր սարքավորումների, մեքենաների նոր մոդելների նախագծում, պատրաստում և փորձարկում և այլն։

Տպավորիչ գիտական ձեռքբերումները, սակայն, շատ հաճախ մնում են թղթի վրա կամ լաբորատորիաներում: «Զեկուցումները ցույց տվեցին, որ կյանքի կոչվելու արժանի բազմաթիվ գաղափարներ կան: Կարևոր է, որ մեր ենթակառույցներն ուժեղացնեն գործակցությունը մեկը մյուսի եւ համալսարանի Մարկետնինգի և զարգացման, Միջազգային գիտական ծրագրերի բաժինների հետ՝ համատեղ հանձնառությամբ ապահովելով համալսարանում իրականացվող գիտական ու հետազոտական նախագծերի և դրանց արդյունքների պատշաճ հանրայնացումն ու առևտրայնացումը»,-նշեց պարոն Ուռուտյանը՝ շնորհակալություն հայտնելով բուհի գիտահետազոտական կազմակերպություններին հսկայածավալ աշխատանքի համար:

Համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների արդիականացումն ու նորագույն տեխնոլոգիաներով հագեցումը: «Այս տարի հնարավոր եղավ վերազինել և արդիականացնել Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան, մասամբ նաև «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղը»,-ասաց պարոն Ուռուտյանը՝ հայտնելով տարեվերջյան ուրախալի լուր այն մասին, որ հաստատվել է համալսարանի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ ներկայացրած մոտ 700.000 եվրո արժողությամբ «Ֆրուտենիա» դրամաշնորհային ծրագիրը։ Այն հնարավորություն կտա Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ շարունակել ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման աշխատանքները Ոսկեհատի խաղողագինեգործության կենտրոնում, ինչպես նաև Ագրոնոմիական ֆակուլտետում:

Օրակարգի վերջին հարցի շրջանակում գիտխորհուրդը երաշխավորեց ՀԱԱՀ-ի Տվյալագիտության ամբիոնի հայցորդ Գևորգ Քեշիշյանի՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Նիստի օրակարգից դուրս տնտեսական աշխատանքների գծով պրոռեկոտր Հրաչյա Զաքոյանը ներկայացրեց համալսարանի նյութատեխնիկական բազայի հաշվառման և կոդավորման աշխատանքների արդյունքները:

Ամփոփելով ՀԱԱՀ-ի գիտական խորհրդի 2019 թվականի վերջին նիստը՝ ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի բոլոր անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ հավելելով, որ Ագրարայինի՝ ձեռքբերումներով հարուստ տարին չի ավարտվում, այլ շարունակվում է որպես հաբելյանական տարի, որպես նոր, ավելի խոստումնալից հանգրվան՝ 2020 թվական, որը համալսարանի համար կնշանավորվի բուհի հիմնադրման 90-ամյա հոբելյանով: