Արցախյան հողի եւ արեւի մեկտեղված համը Կատարո գինու մեկ բաժակում․ ավարտվել է ՀԱԱՀ պատվիրակության այցը Արցախ

Ավարտվել է ՀԱԱՀ պատվիրակության ավանդական այցը Արցախ։ Համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված «Տուր դը Արցախ»-ի հետաքրքիր հանգրվաններից մեկը Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող Դոմեն Ավետիսյան («Կատարո») գինեգործարանը եւ խաղողի այգիներն էին։

Ագրարային համալսարանի պատվիրակությունը մեծապես տպավորված էր ընկերության ղեկավար Գրիգորի Ավետիսյանի, գլխավոր գինեգործ Անդրանիկ Մանվելյանի եւ թիմի մյուս անդամների սրտառուչ ընդունելությամբ, նախ ընկերության այգիներում, որից հետո՝ գինեգործարանում եւ անշուշտ՝ անզուգական Կատարո գինով ու գեղեցիկ կենդանի երաժշտությամբ։

ՀԱԱՀ պատվիրակության անդամները, մասնագիտորեն գնահատելով խաղողի այգիների վիճակը, նշում են, որ մաքուր, աչք շոյող, ճիշտ ձեւավորված  ու խնամված այգիները ոչնչով չեն զիջում եվրոպական ամենահամբավավոր գինեգործական ընկերությունների այգիներին։ Այս այգիներում աճող Խնդողնին խաղողի Հայաստանի տեղաբնիկ ամենաբարձրարժեք սորտերից մեկն է, այսօր արդեն՝ աշխարհին հայտնի։ Ագրարայինի պատվիրակության անդամների ձեւակերպմամբ, եթե ուզում ես մեկտեղ զգալ ու վայելել արցախյան հողի ու արեւի համը, մի բաժակ Կատարո խմիր։

Գլխավոր գինեգործ Անդրանիկ Մանվելյանն իր հարազատ բուհի՝ ՀԱԱՀ-ի պատվիրակության համար անցկացրեց Կատարո գինու համտես։ Ըստ էության, ընկերությունում հատուկ ՀԱԱՀ-ի պատվիրակների պատվին կազմակերպել էին Կատարո սպիտակի գինեձոնը։ Մասնակիցների կարծիքով, դեռեւս ոչ այնքան հայտնի սպիտակը նույնքան հրաշալի է, որքան գինու համաշխարհային կարեւորագույն ցուցահանդեսներում ու համտեսներում բարձրագույն տիտղոսներ նվաճած Կատարո կարմիրն ու վարդագույնը, որոնցով էլ Անդրանիկը շարունակեց համտեսը։

Տող գյուղի մերձակայքում գտնվող 17-րդ դարի Կատարո վանքի անունը կրող գինին Արցախի ու Հայաստանի բրենդներից մեկն է դարձել միջազգային շուկայում։ Տող գյուղն իր հարուստ պատմությամբ, յուրահատուկ կոլորիտով ու կոկիկությամբ իր հերթին է հայտնվել խաղողագործության եւ գինեգործության միջազգային քարտեզի վրա՝ այստեղ անցկացվող եւ աստիճանաբար թափ հավաքող ամենամյա Արցախյան գինու փառատոնի շնորհիվ։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց տանտերերին՝ բարձր մակարդակի ընդունելության համար։

Գինեգործարանի տակառներից մեկի վրա մերոնք թողեցին նաեւ իրենց մակագրությունը․ «Շնորհավոր ՀԱԱՀ-ի 90-ամյակ եւ կեցցե Կատարոն»։

***

Ռեկտոր Ուռուտյանի գլխավորած պատվիրակության այցը նշանավորվեց նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ոչ պաշտոնական հանդիպմամբ, որի ընթացքում խոսվեց Արցախի հետ Ագրարային համալսարանի գործակցության հետագա զարգացման, ներառյալ փորձուսուցումների ու վերապատրաստումների մասին։