Արտերկրում սովորելու առավելություններն ու մարտահրավերները

Ասյա Մովսիսյան

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, 3-րդ կուրսի ուսանողուհի

Վաղուց էի ցանկանում ուսումս շարունակել արտերկրում՝ նոր գիտելիքներ եւ փորձ ձեռք բերելու համար։ Արտերկրում ուսանելու փորձ ունեցողների հետ խորհրդակցելուց եւ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի հայտարարած մրցույթը հաջողությամբ անցնելուց հետո մեկնեցի Իսպանիա՝ Ալմերիայի համալսարան։

Սկզբում ամեն ինչ շատ լավ էր ընթանում, գոհ էի կատարածս ընտրությունից։ Ընտրածս առարկաները բավականին խորը ուսումնասիրություն էին պահանջում, եւ ես ինքս շատ պատրաստակամ էի ամեն հնարավոր ձեւով առավելագույնը քաղել արտերկրում ուսանելու՝ ընձեռված հնարավորությունից։ Սակայն ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Իսպանիայում COVID-19 համավարակի տարածման հետեւանքով առաջացան բավականին լուրջ խնդիրներ․ համալսարանը փակվեց, եւ ստիպված էինք պահել բոլոր կանոնները եւ ուսումը շարունակել առցանց համակարգով։

Մենք ամեն օր տեսազանգով կապ էինք հաստատում մեր դասախոսների հետ եւ  կանոնավոր կերպով մասնակցում դասերին։ Ես առհասարակ նախընտրում են լսարանային ուսուցումը, բայց կասեմ, որ հարկադրյալ դժվարությունները փոխհատուցվում էին համալսարանի դասախոսների պատրաստակամությամբ եւ առավելագույն ջանքերով, առցանց ուսուցման արդյունավետ գործիքներով, նյութերի ու գրականության հասանելիությամբ։ Պարբերաբար ստանում էինք թե՛ խմբային եւ թե՛ անհատական առաջադրանքներ, իսկ դասերի ընթացքում առաջացած որեւէ հարց տեղում պարզաբանվում էր։

Հնարավորինս ընտրել էի այնպիսի առարկաներ, որ ԱՈՒԿ-ի հետ համեմատած առարկայական տարբերության խնդիրներ շատ չառաջանային՝ վիճակագրություն, միկրոտնտեսագիտություն, ֆինանսներ եւ մարկետինգ։ Վիճակագրության դասերի ընթացքում դիտել ենք տեսանյութեր, որոնց շնորհիվ որոշակիորեն տիրապետել ենք SPSS ծրագրակազմին։ Կուզենայի առանձնացնել մարկետինգ առարկան։ Հատկապես արդյունավետ էին այդ առարկայի գործնական ժամերը, բազմաթիվ խմբային առաջադրանքներ ենք կատարել, վերլուծել ենք բազմաթիվ տեսանյութեր, որոնց մեջ ներառված են եղել մարկետինգային զանազան քայլեր։ Միկրոտնտեսագիտությունն էլ կառանձնացնեի այն առումով, որ հիմնական աշխատանքը եղել է փոքր թեստեր գրելը: Տրվում էր ընդամենը 10 րոպե եւ պետք է արագ կողմնորոշվեիր պատասխանի մեջ։ Եվ վերջապես՝ ֆինանսներ․ այդ առարկան շատ եմ սիրում։ Խնդիրները մեծ հաճույքով էի լուծում։ Նյութն ավելի հասկանալի դարձնելու համար դասախոսը առցանց գրատախտակի վրա լուծում էր բազմաթիվ վարժություններ եւ խնդիրներ։

Ի դեպ, Ալմերիայի մեր դասախոսները թե՛ հրաշալի մարդիկ են եւ թե՛ հիանալի մասնագետներ՝ մարդկային բարձր արժեքներ կրող եւ մշտապես օգնելու պատրաստակամ։

Ցավոք համավարակը թույլ չտվեց, որ լավ ծանոթանամ Իսպանիայի մշակույթին, բայց միանշանակ կարող եմ ասել, որ Ալմերիան հրաշալի ծովափնյա քաղաք է, մարդիկ ժպտում են ամեն քայլափոխի,  եւ օտարություն գրեթե չեմ զգացել։

Այժմ այլոց խորհուրդ տալու, իմ ոչ մեծ փորձին հաղորդակից դարձնելու իմ հերթն է։ Անկախ ամեն ինչից՝ գոնե մեկ անգամ արժե փորձել սեփական ուժերը եւ մասնակցել հայտարարվող մրցույթներին։ Դա ոչ միայն կրթական, այլեւ կյանքի փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու լավ հնարավորություն է։ Կարծում եմ, շատերը թերահավատ են մրցույթը հաղթահարելու հարցում, սակայն բուն մրցույթը նույնպես հետաքրքիր ու կարեւոր փորձառություն է ինչ-որ չափով «կոփվելու» համար։

Շատ շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինձ աջակցել են, եւ լիահույս եմ, որ մրցույթներին չմասնակցելու որոշում կայացնող ուսանողներից գոնե մի քանիսը կվերանայեն իրենց որոշումը։