Արտագնա դաս՝ «Ճաննախագիծ» ինստիտուտում

engineers

«Ագրարային ճարտարագիտություն» ֆակուլտետի «Ավտոտրակտորների եւ գյուղմեքենաների» ամբիոնի դասախոս Վոլոդյա Ասատրյանը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, «Փոխադրումներ եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի նոյեմբերի 6-ի «Ավտոմոբիլային ճանապարհներ» առարկայի լաբորատոր դասը անցկացրեց «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ում: Թեման էր «Ճանապարհաշինարարության ոլորտում օգտագործվող նյութերի եւ ճանապարհային պատվածքի ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշումը»:

Հարկ է նշել, որ ինստիտուտի թե տնօրենը՝ Սամվել Բադալյանը, թե լաբորատորիայի բաժնի պետ Արտակ Գեւորգյանն ու աշխատակիցները՝ Վահան Մանուկյանը, Ռուզաննա Բադալյանը առանձնահատուկ պատրաստակամությամբ դիմավորեցին Ագրարայինի ուսանողներին: Լաբորատորիայի գլխավոր մասնագետ Վահան Մանուկյանը նախ ներկայացրեց, թե ինչ գործունեություն է ծավալում «Ճաննախագիծ» ինստիտուտը, ինչպիսի բաժիններ ունի, այնուհետեւ ուսանողներին ուղեկցեց լաբորատոր սենյակներ, որտեղ ներկայացվեցին ճանապարհային պատվածքների տեսակները, բաղադրիչները, դրանց ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշման նպատակն ու եղանակները, լաբորատոր սարքերի աշխատանքը:

Այնուհետեւ, նախապես պատրաստված նմուշների (որոշ լաբորատոր փորձերի եւ փորձանմուշների նախապատրաստման համար պահանջվում է 24 ժամ) վրա կատարվեցին փորձեր, որոնց արդյունքների վերլուծությանը մասնակցեցին նաեւ ուսանողները:
Ընդհանուր առմամբ պարապմունքն անցավ բովանդակալից եւ, որ ամենակարեւորն է, ուսանողները հասկացան. լսարանում ուսումնասիրված տեսական, գործնական, լաբորատոր նյութերը անմիջական կապ ունեն իրական, պրակտիկ, արդյունաբերական գործունեության հետ: