Որեւէ առարկայի ուսուցման ժամանակ շատ կարեւոր է, որ ուսանողը ձեռք բերի այնպիսի գիտելիքներ եւ կարողություններ, որոնք միտված են տվյալ ոլորտի զարգացմանը եւ գործատուի պահանջներին։ Ուսուցման գործընթացի արդյունավետ եւ հետաքրքիր կազմակերպումը ուսանողների ձեռք բերած գիտելիքը կարողության վերածելու գրավականն է։
Ագրոբիզնեսի կազմակերպման եւ քաղաքականության ամբիոնում այս առումով հետեւողական աշխատանք է կատարվում։ «Ագրարային խորհրդատվական գործի կազմակերպում» առարկայի «Ագրարային խորհրդատվության մատուցման մեթոդներ» թեմայի շրջանակում դասախոս Իռա Փանոսյանը անհատական, խմբային եւ զանգվածային մեթոդները, ագրարային խորհրդատվական համակարգում առկա բացերը ներկայացնելուց հետո, ուսանողներին հանձնարարել էր կատարել ինքնուրույն աշխատանք. յուրաքանչյուրն իր պատկերացմամբ պետք է առաջարկեր ագրարային խորհրդատվության մատուցման արդյունավետ մեթոդ, որը հնարավորություն կտար ապահովելու խորհրդատվության հասանելիությունը։
Ագրարային քաղաքականություն եւ խորհրդատվություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հենրիկ Աբգարյանը որպես ինքուրույն աշխատանք ներկայացրեց իր մշակած՝ ագրարային խորհրդատվական եւ տեղեկատվական «Այգոլիտ» կայքը, որը հնարավորություն է տալիս ստանալու մասնագիտական խորհրդատվություն եւ տեղեկատվություն, առցանց կապ հաստատել խորհրդատուների հետ, գրանցվել խորհրդատվական ծառայությունների փաթեթներում եւ այլն։
Տիկին Փանոսյանը ոգեւորված է եւ ուսանողի առաջարկած կայքը գնահատում է որպես ագրարային ոլորտի տնտեսավարողների եւ ագրարային համալսարանի մասնագետների միջեւ կապի ապահովման լավ միջոց։ Նախաձեռնություն ոգեւորել է նաեւ ամբիոնի վարիչ Աշոտ Ոսկանյանին: «Առցանց խորհրդատվության բացակայությունը մեծ բաց է ագրարային խորհրդատվության ոլորտում: Հենրիկի ստեղծած կայքը կարող է դառնալ հենց այն հարթակը, որի միջոցով գյուղացիական տնտեսավարողը կարող է օպերատիվ խորհրդատվություն ու տեղեկատվություն ստանալ մասնագետից», – նշեց պարոն Ոսկանյանը:
Ինքը՝ Հենրիկն ասում է, որ գաղափարն առաջացել է հետաքրքիր դասընթացի շնորհիվ: Այս նկատառումով է, որ Իռա Փանոսյանը հորդորում է ՀԱԱՀ-ի դասախոսներին վարել համանման նպատակային դասընթացներ, ընդ որում՝ կարեւոր տեղ հատկացնելով ուսանողների առաջարկներին: «Ուսանողներն անում են առաջարկներ, որոնք կարող են դառնալ ոլորտի խնդիրների լուծման բանալիներ»: