Դեկտեմբերի 18-ին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը հաճելի պարտականություն ուներ կատարելու Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնում: Ամբիոնի վարիչ Դավիթ Սողոմոնյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ ամբիոնի դասախոս Արայիկ Հակոբյանը նշանակվել է ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Դատելով ամբիոնի աշխատակիցների ակնհայտ բարյացակամ վերաբերմունքից՝ մեկ արժանավորին փոխարինել է մեկ այլ արժանավոր:
Պարոն Մակարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Սողոմոնյանին՝ որպես ամբիոնի վարիչ աշխատած ոչ երկար ժամանակաշրջանում կատարած նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար եւ ողջունեց ու հաջողություններ մաղթեց երկուսին էլ՝ իրենց նոր առաքելության մեջ: Դավիթ Սողոմոնյանն, ի դեպ, նշանակվել է ՀՀ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալ: Պրոռեկտոր Մակարյանը դրվատանքվ խոսեց համեմատաբար երիտասարդ այս ամբիոնի բնականոն աշխատանքի մասին՝ վերջին տարիների վարիչների հմուտ ղեկավարությամբ:
Փոխարինվող եւ նորանշանակ երիտասարդ ղեկավարներին ջերմորեն ողջունեցին նաեւ ամբիոնի նախկին վարիչ Պարույր Էֆենդյանը եւ Էդիկ Մուրադյանը: Իսկ շնորհակալական խոսքով եւ ամբիոնի ու Ագրարային համալսարանի պատիվը բարձր պահելու հավաստիացումներով հանդես եկան ամբիոնի նախկին ու նորանշանակ վարիչները: