Մարտի 5-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սովորողներին:
Այս անգամ քոլեջի կարիերայի պատասխանատու Կարինե Զաքարյանի ուղեկցությամբ համալսարան էին այցելել տրանսպորտի (4-րդ կուրս), ՍԱՈՓ (4-րդ կուրս), ԳՏ (4-րդ կուրս), ՊԳ (3-րդ կուրս), ՀՌԿ (3-րդ կուրս), ֆինանսների (2-րդ կուրս), ԱԳ (2-րդ կուրս) մասնագիտությունների ուսանողները: Նրանց դիմավորեց եւ համալսարանին ծանոթացրեց ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը:
Ծանոթությունը սկսվեց նորաբաց Ագրոթեք աքսելերատորում: Տիկին Շուշանյանը, խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար, կարճ տեսանյութի օգնությամբ քոլեջի սաներին ներկայացրեց բուհի ստեղծման պատմությունը, ֆակուլտետները, գործընկեր կազմակերպությունները, որոնց հետ համագործակցությամբ Ագրարայինի ուսանողները ուսումն արտերկրում շարունակելու հնարավորություն ունեն, ինչպես նաեւ գործընկեր վերամշակող կազմակերպությունները, որտեղ ուսանողները վարձատրվող փորձուսուցում են անցնում՝ ձեռք բերելով 6 ամսվա աշխատանքային փորձ: Տիկին Շուշանյանը սաներին նաեւ տեղեկացրեց, որ համալսարանում ուսումնական գործընթացն ավտոմատացված է (Moodle հարթակ), իսկ քննություններն անցկացվում են Գիտելիքների ստուգման եւ թեստավորման կենտրոնում՝ անաչառ քննություն անցկացնելու համար ստեղծված բոլոր պայմաններով:
Այնուհետեւ քոլեջի սովորողներն այցելեցին Ընդհանուր քիմիայի լաբորատորիա, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական, հետազոտական կենտրոն, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Գինեդարան, ուսումնափորձարարական նորարարական ջերմատուն:
Հուսով ենք, որ Ագրարային այցը հետաքրքիր էր քոլեջի սովորողների համար եւ կօգնի նրանց մասնագիտական կողմնորոշման բարդ հարցում: