Աշխատանքի անվտանգության ոլորտը հասանելի է դառնում մեր ուսանողների համար

Ագրարային համալսարանում «Ռիսկերի կառավարում» թեմայով հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Կենսագործունեության անվտանգության ամբիոնի նախաձեռնությամբ: Այս անգամ փորձուսուցման նպատակով համալսարան էին այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչները՝ կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ:

Միջոցառմանը ներկա էին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խաչատուր Բաբայանը, ՀՀ առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցները, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը, Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ Հովհաննես Հակոբյանը, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, ուսանողներ:

Ներկայացնելով այցի՝ եւ ընդհանրապես փորձուսուցման նպատակը, պարոն Ալեքսանյանը նշեց, որ սա ավելի շուտ փորձի փոխանակում է: Նա խոսեց աշխատանքի անվտանգության կարեւորության մասին՝ նշելով, որ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» առաջնայինը մարդն է, աշխատանքի համար անվտանգ պայմանների ստեղծումը: Նրա խոսքով, արտադրության գործընթացում անվտանգության ապահովումը տեսանելի աշխատանք չէ, բայց աշխատանք է, որը հազարավոր կյանքեր է փրկում:

Իսկ ուսանողների համար լավ առիթ էր ներկայացնելու ռիսկերի կառավարման վերաբերյալ իրենց տեսական գիտելիքները, քանի որ բանախոսը հանդիպումը վարում էր ներկաների՝ թե՛ դասախոսների եւ թե՛ ուսանողների ակտիվ ներգրավմամբ:

Շուրջ 60 տարի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ընկերության մասնագետների հանդիպումը մեր ուսանողների համար գործնական գիտելիքներ ստանալու եւ կապեր հաստատելու լավ հնարավորություն էր, մասնագետներ, որոնք աշխատանքի անվատանգության տեսակետից մեծ հաջողությունների են հասել իրենց ընկերությունում: