Սիրելի գործընկերներ և ուսանողներ, Հայաստանում արդեն 2-րդ անգամ ապրիլի վերջին շաբաթը նշում ենք Անասնաբույժի միջազգային օրը: Այդ օրը հռչակվել է Անասնաբուժության համաշխարհային ընկերակցության կողմից, որի նպատակն է եղել ներկայացնել անասնաբույժի աշխատանքի նրբությունները և մասնագիտության կարևորությունը:
Տեղին են ասված ռուս բժիշկ, ֆիզիոլոգ Իվան Պավլովի խոսքերը․ «Բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը»: Անասնաբուժությունը ոչ միայն պայքար է կենդանիների հիվանդությունների, այլև մարդկանց հիվանդությունների դեմ: Եվ առհասարակ անհնար է պատկերացնել ժամանակակից կյանքն առանց անասնաբույժի: Անասնաբույժի մասնագիտությունը վաստակաշատ է և հարգված՝ պահանջված ամբողջ աշխարհում:
Մեր երկրում վերջին տասնամյակներում անասնաբույժներն ըստ արժանավույն գնահատված չեն եղել։ Սակայն ժամանակները փոխվում են, և մեր համալսարանը, համագործակցելով ՍԱՏՄ-ի, Էկոնոմիկայի նախարարության և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, նաև այս փոփոխությունների առաջնագծում է։ Մենք արմատապես փոխել ենք անասնաբուժական բժշկագիտության մասնագիտական առարկաների ուսումնական պլանները, որոնք միտված են ոլորտում առկա կոնկրետ խնդիրների լուծմանը։ Նախանշել, կառավարության, տեղի և արտերկրի մեր գործընկերների աջակցությամբ սկսել ենք հզոր արդիական ենթակառույցների ստեղծման աշխատանքները, որոնք հավասարապես ծառայելու են ուսումնական եւ երկրում ոլորտի զարգացման նպատակներին։
Մենք ջանք չենք խնայելու անասնաբույժի մասնագիտության հեղինակության բարձրացման համար: Համոզված եմ՝ այդ ճանապարհին մենք արժանապատվորեն կհաղթահարենք մասնագետների մեր սերնդին բաժին հասած բոլոր փորձությունները:
Ջերմորեն շնորհավորում եմ Անասնաբույժի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն, քաջառողջություն, աշխատանքային ու մասնագիտական առաջընթաց և հանրօգուտ գործունեություն:
- 26/04/2020
- 2020