Փետրվարի 24-ին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ այցելեցին Կատայքի մարզ, Նոր Գյուղում գտնվող Սմարթ Ագրո ընկերություն։ Ընկերության տնօրեն, Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանի եւ մյուս մասնագետների հետ ավանդական դարձող հանդիպումների ժամանակ ուսանողները հաղորդակից են դառնում մասնավոր անասնաբուժական սպասարկման ոլորտում զարգացած երկրների փորձին, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող նմանօրինակ սպասարկման իրավիճակին։
Հանդիպման ընթացքում պարոն Օհանյանը ներկայացրեց ասոցիացիայի առաքելությունը, այն է՝ դառնալ երաշխավոր երիտասարդ մասնագետների հետագա կարիերայի կառուցման գործընթացներում։ Ուսանողներն իմացան նաեւ անասնաբուծության եւ անասնաբուժության ոլորտում կազմակերպության հարաճուն ներգրավվածության եւ միջազգային գործընկերության մասին։
Սմարթ Ագրոյում ուսանողները ծանոթացան խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման սպասարկման գործընթացին, օգտագործվող գործիքներին եւ նյութերին, իմացան, թե ինչպես են ստուգում խոր սառեցված տոհմանյութի հալեցումն ու ակտիվացումը:
Ուսանողներն այցելեցին նաեւ Խոզերի գենետիկական կենտրոն՝ երկրում խոզաբուծության զարգացմանը նպաստող եզակի արդիական կառույց: Այստեղ նրանք ականատես եղան խոզերից տոհմանյութի ստացման գործընթացին, ծանոթացան գենետիկական կենտրոնում իրականացվող լաբորատոր աշխատանքներին, տոհմանյութի պահպանման եւ մատակարարման մեխանիզմներին ու Կենտրոնի կենսաանվտանգության պայմաններին։
Անասնաբույժ Աղասի Քինակցյանը ուսանողներին հաղորդակից դարձրեց մասնավոր անասնաբուժական ծառայության սեփական փորձին՝ վստահեցնելով, որ արդիական գիտելիքներով զինված ներկայիս ուսանողները հաջողությամբ կարող են իրենց մասնագիտական կարիերան ստեղծել մասնավոր անասնաբուժության ոլորտում։