Ագրոնո՞մ, գինեգո՞րծ, գյուղտնտեսագե՞տ․․․ վաղարշապատցիները կողմնորոշվում են

Ագրարային համալսարան առաջին այցելությունը տպավորիչ էր Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի 11-րդցիների համար, իսկ նրանց մի մասի համար կարեւոր՝ մասնագիտական կողմնորոշման տեսակետից։

Ապագա մասնագիտության ընտրության առումով արդեն կողմնորոշվածների համար շատ հետաքրքիր շրջայց էր, որի ընթացքում թե երեխաները եւ թե նրանց մանկավարժները անկեղծ հետաքրքրությամբ ծանոթանում էին աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող ագրարային մասնագիտություններին, ուսումնառության համար համալսարանում ստեղծված եւ շարունակաբար նորացող ուսանողակենտրոն միջավայրին։

Իսկ ահա «չկողմնորոշվածներից» ոմանք այժմ իրենց համար կարեւոր որոշում կայացնելու ճանապարհին են, ընդ որում մի քանիսը, ինչպես իրենք հայտարարեցին՝ արդեն կայացրել են այդ որոշումը՝ գալու են Ագրարային համալսարան։ Միայն թե հիմա էլ մեկ այլ դժվարության առջեւ են կանգնել՝ ագրոնո՞մ, գինեգո՞րծ, երկրի ջրային ռեսուրսների կառավարման վաղվա պատասխանատու՞, գյուղոլորտի տնտեսագե՞տ․․․

Սակայն սա արդեն լուծելի խնդիր է․ իրենք ունեն անհրաժեշտ նախապայմաններից առնվազն երկուսը՝ վերջնականապես կողմնորոշվելու եւ պատրաստվելու համար բավականաչափ ժամանակ մինչեւ դպրոցն ավարտելը եւ ՀԱԱՀ-ի Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հետ ուղղակի կապն ու բաժնի աշխատակիցների՝ օգնելու պատրաստակամությունը։