«Ագրարային մենեջմենթ» ծրագրի բոլոր վեց ուսանողները դարձան Վայհենշտեֆանի մագիստրանտներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի  միջև գործող միջբուհական գործակցային համաձայնագիրը ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար գերազանց հնարավորություններ է ստեղծում թե փորձուսուցման եւ թե ուսումը գործընկեր համալսարանում շարունակելու առումով:

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոյանը ուրախությամբ հաղորդեց հերթական լավ լուրը. այս տարվա հունիսին մրցութային հիմունքներով արտադրական փորձուսուցում անցնելու նպատակով Վայհենշտեֆանի համալսարան մեկնած մեր բոլոր վեց մագիստրանտները, փորձուսուցումից եւ քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո հնարավորություն են ստացել ուսումը շարունակելու եվրոպական այս հեղինակավոր համալսարանի երկրորդ տեսական կիսամյակում:

Անցյալ տարի գործընկեր համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն էին ստացել «Ագրարային մենեջմենթ» ծրագրի 4 մագիստրանտներ:

Շնորհավորում ենք մեր հրաշալի վեցյակի հաջողությունը: Սա եւս մեկ վկայություն է այն իրողության, որ, այո´, հաղթում ենք, եւ միշտ հաղթելու ենք՝ նաեւ կրթության ու գիտության  ճակատում: