Ագրարային համալսարանը ամենամոտն է երկրի տնտեսությանը. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Այսօր՝ հունվարի 20-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ նախարար Քերոբյանն ու փոխնախարար Խոջոյանը եղան համալսարանի՝ 2020թ.-ի ընթացքում շահագործման հանձնված ուսումնագիտահետազոտական ենթակառույցներից մի քանիսում՝ ուսումնափորձարարական նորարարական ջերմատանը, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ուսումնական լաբորատորիայում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման կենտրոնում, ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում, օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում  եւ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում:

Նախարարի այցը կարճատեւ էր, սակայն երկարաժամկետ գործակցության առումով՝ գործնական եւ բավականին խոստումնալից: Մասնավորապես, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման կենտրոնում պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի օգնությամբ ծանոթանալով կենտրոնի մասնագիտական եւ տեխնոլոգիական հնարավորություններին, պարոն Քերոբյանն առաջարկեց նախարարության համապատասխան աջակցությամբ աշխատել Սյունիքի մարզում գյուղատնտեսական հողերի ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ: Պրոֆ. Եղիազարյանի գլխավորած կենտրոնն իր մասնագիտական ու տեխնիկական կարողություններով  լիովին պատրաստ է մարզի առջեւ ծառացած այս հրատապ խնդրի լուծմանը:

Ռեկտոր Ուռուտյանը նախարարին եւ փոխնախարարին տեղեկացրեց համալսարանում միայն անցյալ տարվա ընթացքում շահագործման հանձնված կարեւոր ենթակառույցների, ուսումնական գործընթացի բարեփոխման ընթացքի եւ համալսարանում ստեղծվող գիտական արդյունքի առեւտրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ հավասարապես կարեւոր համարելով թե´ ուսումնական գործընթացի արդիականացումը եւ թե´ համալսարանում ստեղծվող գիտական արդյունքը գյուղացու սեփականությունը դարձնելու՝ համալսարանի հանձնառությունը: Այս առումով շատ արդյունավետ են մեր մասնագետների անմիջական այցելությունները մարզեր եւ կոնկրետ մասնագիտական օժանդակություն ցուցաբերելը, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրության տարաբնույթ թեմաներով ֆերմերների համար կարճատեւ գործնական, նպատակային դասընթացների անցկացումը:

Այս հարցում (եւ առհասարակ) նախարար Քերոբյանի դիրքորոշումը հստակ է: «Ուսումնական հաստատություններից Ագրարային համալսարանը ամենամոտն է կանգնած երկրի տնտեսությանը, ուստի կարեւոր է, որ նորաստեղծ ենթակառույցները եւ համալսարանի գիտական ներուժը լավագույնս օգտագործվեն ստեղծվող գիտական արդյունքը մեր տնտեսության հրատապ խնդիրների լուծմանը ծառայեցնելու համար», – նշեց պարոն Քերոբյանը:

Դատելով նախարարի եւ համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ փոխնախարարի մասնագիտական մոտեցումներից եւ ոլորտում լուրջ դրական փոփոխությունների հասնելու տրամադրվածությունից՝ կարելի է արձանագրել, որ ի դեմս պետության, մեր համալսարանն ունի լավագույն գործընկեր, մանավանդ որ պարոն Քերոբյանը խոստացավ գործակցության առումով ակտիվ միջնորդի դեր ստանձնել պետության եւ համալսարանի միջեւ։

Այցի ավարտին ռեկտոր Ուռուտյանը նախարար Քերոբյանին նվիրեց համալսարանի ուսանողների հեղինակած հրաշալի «Սերունդ» գինին, որն արդեն վաճառքում է: