Փորձուսուցում․ դուալ կրթություն, երբ տեսությունն ու փորձառությունը միավորվում են

Մեկնարկել է Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում» միջին մասնագիտական ծրագրով սովորող երկրորդ կուրսեցիների արտադրական փորձուսուցումը: Նրանք՝ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի մասնագետ-ասիստենտ Նաիրա Բարսեղյանի, դասախոս Գեղամ Նավոյանի, քոլեջի փոխտնօրեն Լիլիթ Սարոյանի եւ փորձուսուցումների համադրող Անի Սուքիասյանի ուղեկցությամբ երեկ այցելել են «Ա.Կ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ («Տանիք Վայք» խումբ), որտեղ նրանց սիրով ընդունել է տնօրենը՝ Արման Կոստանյանը: Նա հանգամանորեն ներկայացրել է իր ղեկավարած շատ յուրահատուկ կառույցի առաքելությունն ու առանձնահատկությունները: Կառույց, որ երկրում առաջինը ձեռնամուխ եղավ ոռոգման համակարգերի արտադրության-տեղակայման-շահագործման աշխատանքների իրականացման:

Պետական կրթական չափորոշիչներով նախատեսված է, որ տեխնիկը պետք է կարողանա տեղակայել կաթիլային ոռոգման համակարգեր եւ կատարել շահագործման աշխատանքներ:  Պետք է շեշտել, որ այս ՄԿՈՒ ծրագիրը ստեղծվել է հենց այս ընկերության հետ համատեղ քննարկումների շնորհիվ, քանզի նրանք հրաշալի գիտեին, թե որ կադրերի-մասնագետների սուր կարիքը կա արտադրությունում: Այս կուրսը առաջնեկն է այդ անհրաժեշտ նախաձեռնության:

Մեր ուսանողները ընթացիկ ամսի 28-ից կմասնակցեն դաշտային աշխատանքների:

Փորձուսուցումը տեղի է ունենում ՀԱԱՀ-ի եւ Ա.Կ. ԳՐՈՒՊ-ի միջեւ 2020 թ․ ստորագրված գործակցային հուշագրի շրջանակում։ Այս ընկերությունը Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի լավագույն գործընկերներից է։ Փոխշահավետ գործակցության շրջանակում ընկերությունն իր հետազոտական աշխատանքներում նաեւ օգտվում է համալսարանի գիտական ներուժից եւ տեխնոլոգիական հնարավորություններից։