Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում (վարիչ՝ տ.գ.թ Նարինե Հովհաննիսյան, ԲՄՎՏ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Հեղինե Մխիթարյան, ասիստենտ՝ Գայանե Ապերյան) խոսել չեն սիրում. փոխարենը անդադրում աշխատում են-ստեղծում-ստեղծագործում:
Համակրելի կանանց աստղաբույլը որոշեց ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի Բուսական ծագման մթերքի եւ հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժնի այս տարվա հաշվետվությունը համեղ թեյախմությամբ ներկայացնել: Մատուցումը ճաշակավոր էր, գեղեցիկ: Համերը՝ նոր, երբեմն անսպասելի, երբեմն՝ երեւակայությունից դուրս: Էլ դդմի կորիզով՝ առանց շաքարի անույշ խյուս (ավելորդ չշեշտենք, թե որքան առողջարար է), էլ դդմաչրով հաց, էլ դդմով շոկոլադային հրուշակեղեն, էլ հազրեվարդով չորահաց, հապալասային «երեսառածություն», որը հիշենք:
Եւ ինչ նախաամանորային տրամադրություն առանց խափան-ղափամայի, որ աշխարհի խաղաղ գոյակցության, լիության, բարօրության խորհրդնիշ է եղել մեզ համար՝ հազարամյակներ շարունակ:
– Ասում եք՝ նորություններ ունեք ստեղծած,- անթաքույց գոհունակությամբ գործընկերներին է դիմում ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, – ո՞րը փորձենք:
– Ամեն ինչ փորձված ու փորձարկված է. անվտանգ, առողջարար, քիչ կալորիականությամբ մթերքներ են, – պատասխանում են այս ամանորյա հրաշք-բաղադրատոմսերի հեղինակները, համեստորեն մոռանալով նաեւ նշել, որ ամեն ինչ շատ համեղ է: Դրանում շատ արագ համոզվեցին ներկաները:
Հրաշալի հաշվետվություն ստացվեց՝ անմոռանալի համեղ, գեղեցիկ, հիշվող:























