Երեկ՝ հունվարի 14-ին հերթական եւ վերջին մշտադիտարկման նպատակով ՀԱԱՀ Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը, ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը, ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային նախագծի «Աջակցություն նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը եւ նախագծի փորձագետ Արման Բարսեղյանը։ Գործընկերներին հերթական անգամ ընդունեցին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ Ագրոբոտ գերազանցության կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Արա Ամիրյանը։
Ագրոբոտ գերազանցության կենտրոնը երկրում եւ տարածաշրջանում եզակի կառույց է, որի հիմնական նպատակը ոլորտի կրթության եւ գիտության զարգացումը եւ ֆերմերներին ծառայություններ մատուցելն է։ Կենտրոնի լաբորատորիաներն արդեն ամբողջությամբ համալրված են նախագծով նախատեսված բոլոր սարքավորումներով՝ օգնական ռոբոտներով, 3D տպիչով, լազերային մեքենայով, զոդման սարքով, կոնստրուկտորներով եւ այլն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համալսարանում ներդրվել են Թվային գյուղատնտեսություն եւ Գյուղատնտեսական մեխատրոնիկա եւ ռոբոտաշինություն մասնագիտությունները՝ համապատասխանաբար մագիստրատուրայում եւ բակալավրիատում։
Հենց այս մասնագիտություններով ընդունված ուսանողների ակտիվ ու խանդավառ ջանքերով էլ այժմ ընթանում է սարքավորումների եւ գործիքների տեղադրման ու կարգաբերման աշխատանքների վերջնական փուլը։ Պրոֆեսոր Ամիրյանի ղեկավարաւթյամբ նրանք ամեն ինչ անում են կենտրոնի պաշտոնական բացման օրը հնարավորինս մոտեցնելու համար․ այն տեղի կունենա շուտով։


























