Վերջին զանգ: Վճռորոշ պահ, որ հուզում է բոլորիս՝ ծնող, թե երեխա կամ պարզապես ակամա վկան այդ ակնթարթի: Մայիսի 23-ի առավոտյան հազարավոր ծնողներ զարմանքով նկատեցին, որ իրենց «փոքրիկն» արդեն դեռահաս էլ չէ, այլ երիտասարդ, որ պատրաստվում է բոլորովին նոր կյանքի մարտահրավերներին: Դիմագիծն էլ է կարծես փոխվել, աչքերի փայլն էլ, գիտելիքների պաշարից եկող ինքնավստահությունն էլ: Եւ գալիքին շիտակ նայելու կարողություն-հաստատակամություն ունի: Այս երբ մեծացան… Ագրարայինի վարժարան ընտանիքը ճանապարհում է իր հերթական սերնդին: Վարժարանցիներ, որ ավանդաբար խելացի-գիտելիքազեն-գիտելիքահենք են լինում: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց մեր վարժարանի հարգն էլ գիտենք։ Վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի, ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի մաղթանք-խոսքերը հենց սահմանագծի եւ սահմանագծից անդին խելացի, ազնիվ, նվիրումով եւ ամենագլխավորը՝ պատասխանատվությամբ ապրելու մասին էին, Հայրենիքն ավելի ամուր, խաղաղ ու ինքնաբավ դարձնելու գործում նրանց առաքելության ու դերի մասին: Շրջանավարտների անունից ելույթ ունեցավ Լեւոնը, որն իր ստեղծագործ խառնվածքով վաղուց լավ հայտնի է մեր միջավայրում: Ի դեպ, նա դիմել է Ագրարային եւ համոզված ենք՝ սեպտեմբերին նրան եւ էլի հարյուրավոր ուշիմ երիտասարդների բարի գալուստ մաղթելու հնարավորություն կունենանք՝ 95-րդը։

- 26/05/2025
- 2025