Գիտխորհրդի դեկտեմբերի 17-ի հերթական նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, նախ քննարկեց կարճաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու խնդիրները: Հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը:
Հակիրճ, բայց տարողունակ զեկուցմամբ տիկին Վարդանյանը մասնավորապես անդրադարձավ Բալահովիտի ՈՒՓՏ նորաբաց Կաթնամթերքի վարպետաց դպրոցում իրականացված արդեն երկու խմբերի վերապատրաստումների արդյունավետությանը եւ դրական արձագանքներին: Դասավանդման եւ գնահատման թեմաներով վերապատրաստում է անցել համալսարանի 68 դասախոս: Առհասարակ վերապատրաստման կարեւոր գործում, որ տիկին Վարդանյանի ղեկավարած բաժինը պատշաճ մակարդակով է կազմակերպում, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը, հստակ քայլերով առաջ ենք գնում: Ռեկտորը հորդորեց շարունակել առաջարկել աշխատաշուկայի կարիքների բավարարմանը միտված նոր, մրցունակ ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ինտենսիվ այգիների կառավարումը, ագրոդրոնները, երկրատեղեկատվական համակարգերն ու հեռահար զոնդավորումը, ջերմատների կառավարումը, եվրոպական պանիրների արտադրությունը եւ այլն:
Հիմնական օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ամբիոններում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակին եւ խնդիրներին: Ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի զեկուցումը գիտխորհրդի անդամների համար լավ առիթ էր՝ ծանոթանալու լայնամասշտաբ, խորքային փոփոխություններին, որ ֆակուլտետում հաջողվել է իրականացնել կրթության որակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ տեղեկանալ խնդիրների ու խոչընդոտների մասին:
Նպաստող հանգամանքները ներառում են, մասնավորապես, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի ստեղծումն ու արդյունավետ, խոստումնալից մեկնարկը, նորագույն կաղապարվածքների եւ գործիքների օգտագործումը, լաբորատորիաների, կլինիկայի արդյունավետ օգտագործումը, Հայաստանում եւ արտերկրում ուսանողների փորձուսուցման ընդլայնվող հնարավորությունները, նոր մասնագիտացման՝ մարզական անասնաբուժության ներդրումը, գործընկերների աջակցությամբ գործնական կրթության արդիական ենթակառույցների ստեղծման նորանոր հնարավորությունները եւ այլն:
Խնդիրների շարքում տիկին Աբովյանը նշեց մասնագիտությունը սովորելու ցանկություն ունեցող դիմորդների շատ ցածր թիվը: Սա, անշուշտ, ունի իր «հավերժական» (ֆինանսական…) բացատրությունը, որը մեր շրջանավարտների հիմնական մասին ստիպում է գնալ մասնավոր ոլորտ՝ կոնկրետ մանր կենդանիների կլինիկաներ:
Իրավիճակին տիրապետելու, եղած խնդիրները վերհանելու տեսակետից պարոն Ուռուտյանը կարեւոր համարեց նման ձեւաչափով հաշվետվությունները: Իսկ լուծումները մեծապես առնչվում են վերապատրաստմանը, կրթական ծրագրերի հետագա միջազգայնացմանը, կլինիկական ծառայությունների մատուցմանը, դասախոսական կադրերի երիտասարդացմանը, շահակից հանրության հետ չդադարող աշխատանքին: Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, որն, ի դեպ, ռեկտոր Ուռուտյանի ծրագրերից առաջինն է եղել, հենց մասնագիտական կրթության որակի բարձրացմանն է միտված: Արձանագրվեց նաեւ ֆակուլտետի մասնագետների կատարած լուրջ աշխատանքը սպանդանոցների անասնաբույժների եւ խելացի անասնաշենքերի պետական ծրագրերի շրջանակում հարյուրավոր մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:
Ընթացիկ հարցերի շարքում ռեկտոր Ուռուտյանը խոսեց մասնագիտական կողմնորոշման մասին՝ շնորհակալություն հայտնելով դպրոցների հետ աշխատող ստորաբաժանումներին՝ նախաձեռնողականության համար եւ հանձնարարելով շարունակել եւ ընդգրկել, մասնավորապես, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցության շրջանակում գյուղատնտեսական ենթակառույցներով ապահովված դպրոցներին: