Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի ուսուցիչներ, պատիվ ունեմ ձեզ ողջունելու եւ ջերմորեն շնորհավորելու մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Շատերը, եւ շատերի թվում նաեւ ես, այս գեղեցիկ ու կարեւոր տոնը իրավամբ համարում եմ համազգային տոն, քանզի ուսուցչի, այլ խոսքով՝ մանկավարժի, դաստիարակի, դասատուի, վարպետի հանդեպ հարգանքն ու պատկառանքը մշտապես եղել է հայ հասարակության մեջ՝ հազարամյակների ընթացքում եւ բյուրեղացել մեծերին պատվելու քրիստոնեական սկզբունքի ուժով։ Մենք չենք մոռանում մեր ուսուցիչներին եւ մեր մասնագիտական ու անձնական կյանքում ձգտում նմանվել նրանցից լավագույններին։

Ուսուցչի աշխատանքի հսկայական կարեւորության մասին դիպուկ բնութագիր է տվել ամերիկացի գրող Դոնալդ Քուինը․ «Եթե բժշկի, իրավաբանի կամ ատամնաբույժի մոտ միանգամից հավաքվել է 40 մարդ՝ տարբեր կարիքներով, այդ թվում ոմանք՝ դժկամությամբ եկած, ոմանք, որ խանգարում են, եւ այդ բժիշկը, իրավաբանը կամ ատամնաբույժը պարտավոր է ինն ամիս շարունակ բոլորին ցուցաբերել մասնագիտական գերազանց որակի օգնություն՝ միայն այդ դեպքում այդ մարդը որոշ գաղափար կկազմի ուսուցչի աշխատանքի մասին»։

Այս խորհրդանշական գնահատանքը վերաբերում է, մասնավորապես, այն մեծ աշխատանքին, որ կատարվում է Ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում։

Վարժարանի սիրելի մանկավարժներ, ամբողջ սրտով շնորհավորում եմ բոլորիդ՝ ամենաիմաստալից տոնի կապակցությամբ եւ մաղթում ձեզ, ձեր ընտանիքներին ու ձեր աշակերտներին ստեղծագործ աշխատանք եւ նվաճումներ՝ հանուն խաղաղ, ուժեղ ու զարգացած Հայաստանի տեսլականի իրականացման։ Վստահ եմ, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու, քանզի դուք եք մեր նոր սերնդի համար կյանքի ճանապարհ հարթողները՝ նրանց ամենակարեւոր տարիքում։ Իսկ թե մասնագիտական ինչ վարպետությամբ եւ գործին նվիրվածության ինչ բարձր «սանդղակով» եք դուք իրականացնում ձեր ամենօրյա դժվարին ու պատասխանատու աշխատանքը՝ ես լավ ծանոթ եմ։

Շնորհակալություն այդ նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի համար։ Մենք միասին դեռ շատ բարձունքների ենք հասնելու՝ ի հեճուկս բոլոր ներքին ու արտաքին դժվարությունների։ Մենք միասին արդեն հաղթահարել ենք դժվարություններով լի ճանապարհի մի երկար հատված եւ վստահորեն շարժվում ենք առաջ։

Շնորհավոր Ուսուցչի օրը եւ կեցցեն Հայաստանն ու հայ ուսուցիչը։