Սիրելի կանայք, Մարտի 8-ը ամենալուսավոր կետերից մեկն է ձեր եւ մեր կյանքում։ Այն ոչ միայն պարզապես կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարի միջազգային օր է եւ մեր երկրում պետականորեն նշվող հերթական տոն, այլեւ բովանդակային առումով բոլորիս համար խորհրդանշական հանգրվան։
Այս օրը մենք յուրօրինակ ձեւով ամփոփում ու գնահատում ենք նախորդ մարտի 8-ից մինչ այսօր ձեր կատարած աշխատանքը, դրա բարի պտուղները, ձեր նվիրվածությունը ձեր ընտանիքներին ու Հայրենիքին, ամենաառօրյա ու «ձանձրալի» գործն անգամ սիրով, նպատակի գիտակցումով, գեղեցկորեն ու փիլիսոփայորեն կատարելու ձեր կարողությունը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի կին գործընկերներ, տոնական առիթն օգտագործելով, սրտանց շնորհակալություն եմ հայտնում այն մեծ ու արգասաբեր աշխատանքի համար, որ ամենօրյա ռեժիմով դուք անում եք մեզ հետ կողք-կողքի՝ չթողնելով, որ համալսարանի նորօրյա ռիթմը մեկ օրով ու անգամ մեկ ժամով խաթարվի։
Սիրելի ուսանողուհիներ, սովորելու, մասնագիտանալու ձեր ցանկությունն ու կարողությունը վարակիչ են ձեր կուրսընկերների համար։ Մաղթում եմ, որ ձեր հետագա մասնագիտական կյանքում այնպիսի ձեռքբերումներ ու նվաճումներ ունենաք, որ համարժեք լինի հազարամյակների ընթացքում հայ կանանց ունեցած պատմական նվաճումներին։ Օրինակները չափազանց շատ են՝ Կիլիկյան Հայաստանի Զաբել թագուհուց, որ արտակարգ հմուտ էր կրթության, գիտության ու շինարարության մեջ, մինչեւ Զաբել Եսայան եւ մեր օրերի գիտնականներ, ֆերմերներ, մանկավարժներ ու այլ հերոսուհիներ։
Սիրելի կանայք, շնորհավոր Մարտի 8, շնորհավոր ձեր նվաճումները եւ առաջ դեպի նոր բարձունքներ, որ միայն ձեզ հետ կարող ենք նվաճել։