Ռեկտորատի սեպտեմբերյան նիստը․ ուսման որակի եւ աշխատանքային կիսամյակների շարունակական բարելավում

Ռեկտորատի սեպտեմբերի 19-ի նիստը նախագահող ռեկտոր Հրաչյա Զաքոյանը բացեց հերթական ձեռքբերման մասին լուրով․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀԱԱՀ վարժարանի եւ Տավուշի ու Սյունիքի մարզերի 11 դպրոցների՝ մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացն ավարտած շրջանավարտների՝ առանց քննությունների, հեռակա ուսուցմամբ ՀԱԱՀ բակալավրիատ փորձնական ընդունելության կարգը։ Ռեկտորը շնորհավորեց այս կարեւոր հանգրվանին հասնելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց այս հաջողության համար հիմք հանդիսացած նախաձեռնության համար, որով մեր համալսարանը հանդես է եկել դեռեւս 4 տարի առաջ, մասնավորապես՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին եւ կրթական ծրագրերի ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը մշակած ՀԱԱՀ դասախոսներին։ Վարժարանի դեպքում արտոնությունը վերաբերում է բոլոր տարիների շրջանավարտներին։

Բուն օրակարգը մեկնարկեց ռեկտորատի 2025-2026 ուստարվա աշխատանքային պլանի քննարկմամբ եւ հաստատմամբ։

2024-2025 ուստարվա ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացի մասին օրակարգային հարցի քննարկումը ցույց տվեց, որ համալսարանի ղեկավարության, դեկանատների եւ պատասխանատու այլ ստորաբաժանումների վերջին տարիների հետեւողական աշխատանքը տալիս է դրական արդյունքներ։ Դրա վկայությունն է ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների բերած թվերն ու իրողությունները եւ կրթության որակի, ակադեմիական ազնվության, մրցունակ մասնագետներ պատրաստելու հանձնառության վերաբերյալ հարցերի քննարկումների որակի ու երանգավորման փոփոխությունը։ «Անկախ ուսանողների թվից, որ ցանկալիից քիչ է, մեզ համար գլխավորը որակն է»՝ ռեկտորի այս խոսքը այժմ արդեն հնչում է որպես միանգամայն հիմնավոր, արդեն որոշակի ճանապարհ անցած ուղերձ․ թերեւս այն պետք է դյուրամատչելի դարձնել առաջին կուրսեցիների համար՝ այո, նաեւ ցույց տալով ավելի բարձր կուրսերից հեռացվածների «օգտակար» օրինակը։

Ուսման վարձավճարների փոխհատուց­ման եւ ուսանողների շրջափոխման արդյունքների քննարկումն ու հաստատումը օրակարգի հաջորդ հարցն էր։

Իսկ ահա փորձուսուցումների կազմակերպման արդյունավետությունը եւ խնդիրները, աշխատանքային կիսամյակի նախապատրաստական եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հարցը քննարկումն ավելի բուռն էր։ Ընդհանուր առմամբ, աշխատանքային կիսամյակների կայացած, ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առայժմ «մենաշնորհային» գործելակերպն արդեն ապացուցել է իր մեծ արդյունավետությունը։ Մտահոգությունները գլխավորապես հանգում են այս գործընթացում որոշ գործատուների` իրենց դերի ամբողջ լրջությունը չպատկերացնելու եւ չարդարացված բարձր գնահատականներ նշանակելու խնդրին։ «Մենք պետք է տարանջատենք գործատուներին եւ անպատասխանատուներից պարզապես հրաժարվենք։ Աշխատանքային կիսամյակների առումով համալսարանն արդեն ճանապարհ է անցել եւ հասել այն բանին, որ գործատուն մեր ուսանողին դիտարկում է որպես պոտենցիալ աշխատողի։ Ուստի չպետք է թույլ տանք ստվեր գցել այս կարեւոր գործընթացի վրա», – ասաց ռեկտոր Զաքոյանը։ Կարեւոր է գործնական պարապմունքը աշխատանքային կիսամյակից տարբերակելը․ առաջին դեպքում ուսանողը ձեռք է բերում գործնական փորձ, երկրորդում՝ աշխատում է գործատուի մոտ եւ պետք է պատրաստ լինի անելու նաեւ բանվորական աշխատանք, որ վաղն ինքը բարելավի նույն աշխատանքային պայմանները, նշեց պարոն Զաքոյանը։