Ռեկտորատի նոյեմբերի 17-ի հերթական նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, նախ քննարկեց հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության արդյունքների եւ առաջին կուրսերի պարապմունքները կազմակերպելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների մասին հարցը։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը բավականին գոհացուցիչ պատկեր ներկայացրեց։ Այս տարի հեռակա համակարգի 339 դիմորդներից ընդունվել է 207-ը, որ 5-րդ լավագույն ցուցանիշն է հայաստանյան բուհերի մեջ։ Ընդ որում, բուն ագրարային որոշ մասնագիտությունների առումով էլ դրական տեղաշարժ կա։
Հաշվի առնելով նաեւ բակալավրիատի առկա բաժին, մասնաճյուղեր ընդունվածների, բանակից վերադարձածների, վերականգնվածների թիվը, ընդհանուր առմամբ, այս տարի բոլոր մակարդակների մասնագիտական կրթական ծրագրերով Ագրարային համալսարան է ընդունվել 940 ուսանող․ սա է 2022-2023 ուսումնական տարում համալսարանի համալրման թիվը։
Ուսանողների գնահատման նվազագույն դրական շեմը 50 տոկոսի բարձրացնելու հանգամանքը, ինչպես նաեւ կարգապահության հարցում նշաձողի բարձրացումն արդեն տալիս են դրական արդյունքներ։ «Գիտելիք – կարգապահություն – օբյեկտիվ գնահատական․ սա է Ագրարայինի սկզբունքը, եւ համալսարան նոր ոտք դրած երիտասարդը պետք է իմանա, որ այստեղ բոլորն են աշխատում այս սկզբունքով՝ ուսանողից մինչեւ ղեկավարություն»,- ասաց պարոն Զաքոյանը։
Ռեկտոր Ուռուտյանն արձանագրեց, որ կարգապահության հարցում բավականին առաջընթաց կա համալսարանում եւ պետք է պահպանել եղած տեմպը։
Գիտելիքների ստուգման, թեստերի թարմացման և ընթացիկ քննությունների կազմակերպման վիճակի մասին հարցը քննարկելիս պարոն Ուռուտյանը տեղեկացրեց թեստերում ուսանողների հայտնաբերած սխալների եւ թերությունների մասին․ հանձնարարեց վերանայել եւ բացառել դրանք։ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանն այս առումով արձանագրեց, որ, ընդհանուր առմամբ, թեստային համակարգը կայացած է եւ արդյունավետությամբ գործում է։ Սա թույլ է տալիս, մասնավորապես, արդյունավետորեն բացահայտել եղած խնդիրները եւ շտկել դրանք՝ ամբիոնների հետ համատեղ։ ՏՏ կենտրոնի ստեղծած բազմակի ստուգման մեխանիզմը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել սխալներն ու դյուրինացնել բողոքարկման գործընթացը։
Ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքի մասին զեկուցումներով հանդես եկան Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը։ Հատկանշական է գինեգործության դուալ կրթական ծրագրերի հաջողությունը քոլեջում․ գործընկեր յոթ գինեգործարանների ներկայացուցիչների եւ ուսանողների փոխադարձ ցանկությամբ փորձուսուցման ժամկետը երկարաձգվեց, ընդ որում գործատուներից մեկը ուսանողներին աշխատավարձ էր վճարում, մյուսներն՝ ապահովում փոխադրամիջոցով եւ սննդով։ Ռեկտորն արձագանքեց՝ նշելով, որ մյուս դուալ ծրագրերը պետք է նույն կերպ կազմակերպել։
Վարժարանի տնօրենի զեկուցումից ռեկտորատը տեղեկացավ, որ դասարանների կառավարման տեղեկատվական համակարգը հաջողությամբ գործում է մեր վարժարանում՝ ապահովելով համապարփակ տեղեկատվություն եւ մշտապես գործող կապ բոլոր շահակիցների, ներառյալ ԿԳՄՍ նախարարության հետ։
Ընթացիկ հարցերի թվում Սիսիանի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն, գյուղ․ գիտ․ թեկնածու Գագիկ Խաչատրյանը, որին ռեկտորատին ներկայացրեց եւ շնորհավորեց ռեկտոր Ուռուտյանը, մասնավորապես տեղեկացրեց մասնաճյուղում խելացի գյուղատնտեսության կենտրոնի կառուցման ընթացքի մասին։ Մեքենատրակտորային կայանի կառուցումն ավարտված է, իսկ խելացի անասնաշենքի կառուցումը շուտով կավարտվի։