Հայաստան այցի շրջանակում այսօր՝ հունիսի 29-ին Ագրարային համալսարանում էր ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւի գլխավորած պատվիրակությունը։
Համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին ծանոթանալու եւ գիտակրթական ու տնտեսական համագործակցության հնարավորությունների գնահատման նպատակ հետապնդող պատվիրակության կազմում էին նաեւ ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Ուվայդովը, Ռուսաստանի որակի համակարգի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը, ՌԴ ՊԴ փոխխոսնակ Գորդեեւի օգնական Դմիտրի Միխայլովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանն ու ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Հարությունյանը։
ՌԴ պատվիրակության անդամներին ընդունեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուղեկցեց Ի-Վի-Էն գինու ակադեմիա, Գարեջրագործության եւ թորման լաբորատորիա, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն։ Ռուսաստանցի պաշտոնյաները ծանոթացան այս ստորաբաժանումների գործունեությանը, հետաքրքրվեցին համագործակցության պոտենցիալ եզրեր ունեցող կրթական ծրագրերով, ներառյալ՝ կարճաժամկետ։ Մասնավորապես, ինչպես նշեց ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Տիմիրյազեւյան համալսարանի մի շարք ուսանողներ հետաքրքրված են մեր Գինու ակադեմիայում ուսումը շարունակելու հարցում։
Նախօրեին Պետդումայի փոխխոսնակ Գորդեւեի գլխավորած պատվիրակությանն ընդունել էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության ներուժի զարգացման հնարավորությունները։