Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի կլինիկական լաբորատորիայի վարիչ, Վետլայն անասնաբուժական կլինիկայի տնօրեն, ա․ գ․ թ․ Վահան Խաչատրյանը մասնագիտական եւ համալսարանական «էկոհամակարգում» հայտնի է ոչ միայն մասնագիտական համբավով, այլեւ ծանրակշիռ խոսքով․ մասնավորապես երիտասարդ գործընկերների մասին նրա մեկ դրական խոսքը, ինչպես ասում են՝ աշխարհ արժե։
Պարոն Խաչատրյանն ահա այդպիսի լավ կարծիք ունի իր ղեկավարած Վետլայն կլինիկայում աշխատող հրաշալի քառյակի՝ Անժելա Սպատառուի, Անի Անտոնյանի, Անի Նազարյանի եւ Անիտա Էիլազովայի մասին։ Անժելան ավարտել է ԱԲԱ ֆակուլտետի մագիստրատուրան եւ մտադիր է ուսումը շարունակել ասպիրանտուրայում, Անիտան ու Անի Նազարյանը Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջն ավարտելուց հետո ուսումը շարունակում են ֆակուլտետի բակալավրիատում, 3-րդ կուրսում են, Անի Անտոնյանն էլ ավարտել է քոլեջը եւ ասում է՝ «մասնագիտական կրթության շարունակության մասին հարցը չի քննարկվում, իհարկե՝ Անասնաբուժականի բակալավրիատ»։
Աղջիկները լավ են սովորել-սովորում, բարձր են գնահատում դասախոսների վաստակը եւ բարձր են պահել նրանց ու համալսարանի պատիվը փորձուսման վայրերում՝ համալսարանի եւ այլ կլինիկաներում։ Վետլայնում աշխատելու իրենց հնարավորությանը վերաբերվում են երկյուղածությամբ եւ երախտապարտությամբ, իսկ կլինիկայի աշխատակազմի եւ ղեկավարության հոգատարությանն արձագանքում են աշխատասիրությամբ, նվիրվածությամբ եւ մշտապես սովորելու ձգտումով։ Ասում են՝ «այստեղ մեզ վերաբերվում են տան անդամի պես»։ Միմյանց եւ կլինիկայի մյուս աշխատակիցներին ոչ թե որպես մրցակից են դիտարկում, այլ՝ ընկեր եւ գործակից։ Կենդանատերերի հետ տեւական լավ հարաբերությունները կառուցվում են բուժառուների (այդպես են անվանում կենդանիներին) նկատմամբ իրենց հոգատար վերաբերմունքի հիման վրա։
Երախտագիտությամբ են խոսում կլինիկայի «մեծերի» մասին, ամեն օր հարստացնում նրանցից, այդ թվում՝ նաեւ այստեղ աշխատող ռուս մասնագետներից ստացած գիտելիքների ու փորձի պաշարը։
Առանձին ակնածանքով են խոսում կլինիկայի տնօրեն Վահան Խաչատրյանի մասին․ ասում են՝ բժիշկ Խաչատրյանը մեծ ներդրում ունի յուրաքանչյուր բժշկի մասնագիտական կայացման գործում, ղեկավարման իդեալական ոճ ունի, ծով համբերություն եւ իմաստնություն, խնդիրների դեպքում առաջին աջակիցն է, միեւնույն ժամանակ թույլ է տալիս, որ ինքնուրույն կայանանք որպես մասնագետ, անհատական մոտեցում ունի յուրաքանյուր աշխատակցի հանդեպ։ Ոչ պակաս գոհունակությամբ են խոսում գլխավոր բժշկի՝ Հովհաննես Ազատյանի մասին՝ բարեհամբույր է, նրբանկատ, պրոֆեսիոնալ, երիտասարդների սխալներն ուղղում է բարյացակամորեն, մշտապես հորդորում է ինքնակրթվել։ Նման ղեկավարներ ունենալը եւ նման թիմում աշխատելը իրականացված երազանք է՝ եզրակացնում են երիտասարդ բժիշկները։
Անժելայի, Անիտայի եւ Անիների առաջիկա կարեւոր անելիքներից է նեղ մասնագիտական վերապատրաստումը, յուրաքանչյուրն արդեն ընտրել է իր ճյուղը՝ սրտաբանություն, երիկամաբուժություն, ֆիզիոթերապիա, անեսթեզիոլոգիա։ Ցանկություն արտահայտեցին, որ դեռեւս համալսարանում սովորելու տարիներին ուսանողները նեղ մասնագիտացման հնարավորություն ունենան։











