Ռեկտորատի տարեսկզբի նիստը, նախագահող Հրաչյա Զաքոյանի առաջարկությամբ, մեկնարկեց համալսարանի 95-ամյակի միջոցառումների հանձնաժողովի ստեղծմամբ։ Հոբելյանական միջոցառումները պատշաճելու են համալսարանի անցած փառավոր ճանապարհի արժեւորմանն ու հանրահռչակմանը։
Ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի, խնդիրների եւ բարելավման ուղիների մասին զեկուցումներով հանդես եկան ՈւԳԿ վարչության պետ Արմեն Աղասարյանը եւ ստորաբաժանումների ղեկավարները։ Արձանագրվեց, որ «գլոբալ» խնդիրներ չկան, սակայն անելիքներ կան, մասնավորապես, ինքնուրույն աշխատանքների գնահատման հարցում․ այս առումով ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը հանձնարարեց Որակի գնահատման եւ ապահովման բաժնի հետ մշակել առարկայական խմբերի գնահատման ռուբրիկներ։ «Ամեն դեպքում, ուսումնառության ավարտական՝ որակավորում շնորհելու փուլին պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվել, այն պետք է լինի ամենամեծ ջանք պահանջող փուլը», – ասաց պարոն Զաքոյանը։
Քննարկվեցին եւ համապատասխան որոշումների առարկա դարձան համալսարանի համակարգում գործող չորս քոլեջի առաջին կուրսեցների հետ առանձնահատուկ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, քոլեջների հաստիքացուցակների վերաբերյալ մոտեցումներ մշակող հանձնաժողովի ստեղծումը, հիսուն տոկոսի շեմը գերազանցող բացակայություններ ունեցող ուսանողներին լրացուցիչ դասընթացների մասնակցելու եւ հանձնաժողովով քննություններ հանձնելու հնարավորությունը եւ այլն։ «Առաջինկուրսեցիների շրջանում պատշաճ իրազեկվածության, նրանց հետ ավելի սերտ աշխատանքի միջոցով պետք է բացառենք անպատասխանատվություն հանդուրժող մոտեցումները․ նշաձողը չենք իջեցնելու», – նշեց ռեկտորի պարտականությունները կատարողը։
Օրակարգային էր նաեւ ՀԱԱՀ ամբիոնների՝ համալսարանի գիտական կենտրոնների եւ ուսումնափորձարարական տնտեսությունների հետ գիտաուսումնական կապի մասին հարցը։ Քննարկման ընթացքում ակնհայտ դարձավ, որ թեպետ ուսանողները, մագիստրանտները եւ ասպիրանտները որոշակիորեն կապված են նշված ստորաբաժանումների հետ՝ դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների, աշխատանքային կիսամյակի շրջանակում եւ այլն, այդ կապը հեռու է բավարար լինելուց։ Ավելին, պարոն Զաքոյանը նշեց, որ կենտրոնները միմյանց հետ էլ բավարար կապեր ու գործակցություն չունեն։ Ուսումնական եւ գիտական գործունեության, գործնական աշխատանքների կատարման համար անբավարար է օգտագործվում ՈՒՓՏ-ների բազան։ Մինչդեռ, ինչպես հավաստիացրեցին գիտական կենտրոններից մի քանիսի ղեկավարները, այդ ստորաբաժանումների հետ կապն ավելի արդյունավետ դարձնելու նկատառումով առկա են լուրջ հնարավորություններ՝ թե գործնական եւ թե նույնիսկ տեսական պատրաստականության բարձրացման համար։ Այս կապի բարելավումն իր ազդեցությունը կունենա նաեւ գիտության երիտասարդացման կարեւոր խնդրի լուծման առումով։ «Համալսարանի ներքին ռեսուրսները պետք է ավելի լավ օգտագործել ի շահ ընդհանուր գործի՝ ավելի ճկուն ժամանակացույցով եւ փոխշահավետ մոտեցումներով», – եզրակացրեց պարոն Զաքոյանը։
Թեպետ օրակարգի վերջին հարցը վերնագրված էր «2024-2025 ուստարվա առաջին կիսամյակում համալսարանի էլեկտրոնային կառավարման e-Buh համակարգում ծագած խնդիրները», Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանի զեկույցից պարզ դարձավ, որ, ըստ էության, խնդիրներ չկան․ համակարգը լիարժեք գործում է, ընդ որում՝ թույլ տալով առհասարակ ծագող խնդիրների յուրաժամանակ հայտնաբերումն ու լուծումը։ Պարոն Մելքոնյանը հավաստիացրեց, որ ՏՏ կենտրոնը պատրաստ է ընթացիկ կիսամյակի ընթացքում համալսարանի մասնաճյուղերը նույնպես միացնել e-Buh համակարգին։