Գինու տեխնոլոգիա մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Գինու մարկետինգ եւ բիզնես» առարկայի առաջին բաղադրիչի՝ մարկետինգի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարո Դեթլոֆֆի ղեկավարությամբ ինքնուրույն աշխատանքներ են կատարել գինու շուկան ուսումնասիրելու ուղղությամբ: Թիմային աշխատանքի շնորհիվ նրանք գինու պայմանական արտադրություն էին ստեղծել՝ խաղողի մշակությամբ, իրացման բազմազան ցանցով (առցանց, փոստային առաքում արտերկիր, մասնագիտացված խանութներ եւ այլն), համտեսի սրահներով, գովազդով, պիտակով, փաթեթավորումով, զբոսաշրջային ընկերությունների հետ համագործակցությամբ: Մի խոսքով, ինչպես բոլոր կայացած արտադրություններում՝ մանրակրկիտ, բծախնդրորեն մտածված:
-Ինչո՞ւ ընտրել մեր գինին,- հարցնում է ժպտերես պարմանուհին ու ինքն էլ պատասխանում,- մեր գինին ձեզ մտովի դրախտ կտանի:
Ծրագրերը ներկայացնելիս երիտասարդները այնքան ինքնավստահ, գործը լավ պատկերացնող-գիտակցող-քաջատեղյակ էին, որ լսողներս պարբերաբար ստիպված էինք լինում հարցնել-հստակեցնել. «Սա ճի՞շտ է, իրականո՞ւմ, թե դարձյալ պայմանական իրավիճակ եք դիտարկում»:
Մի խոսքով, երեք թիմով թարմ շնչով «հիմնեցին-զարգացրին-նվաճեցին» տեղական ու արտասահմանյան շուկան:
Դասախոսը գոհ էր իր «լավ, ակտիվ» ուսանողների աշխատանքից. «Ապրեք, գործի էիք անցել մեծ եռանդով: Տա՛, Աստված, իրականություն դառնան ձեր բոլոր երազանքներն ու ծրագրերը»: