Ուսանողների միջազգային օրվա գեղեցիկ նվեր ՀԱԱՀ-ի գործընկեր Աթենք ընկերությունից

Այսօր՝ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության ուսանողները շատ լավ նվեր ստացան «Աթենք» ընկերությունից, բացվեց այս ընկերության աջակցությամբ ճաշակով վերանորոգված-կահավորված լսարանը՝ համալրելով ՀԱԱՀ-ի ուսանողակենտրոն միջավայրն ապահովող ժամանակակից տարածքների անընդհատ ընդլայնվող ցանկը։

Խորհրդանշական է, որ ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ ժապավենը կտրեց ընկերության երշիկի արտադրության տնօրեն Նարինե Երիցյանը, որ մեր բուհի շրջանավարտ է՝ մսամթերքի տեխնոլոգիա մասնագիտությամբ։

Պարոն Զաքոյանը, լսարանի բացման առթիվ ողջունելով ուսանողներին, դասախոսների եւ Աթենք ընկերության ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնեց ընկերությանը՝ բուհ-արտադրություն փոխշահավետ գործակցության այս գեղեցիկ արդյունքի համար։ «Սա աշխատաշուկայի համար որակյալ մասնագետների պատրաստման հարցում բուհի եւ տնտեսավարողի փոխադարձ պատասխանատվության եւ համատեղ ջանքերի օրինակ է․ մի կողմից մենք պետք է ձեւավորենք ուսանողի համար գրավիչ միջավայր, մյուս կողմից՝ ուսումնական բովանդակությունը կատարելագործենք՝ ելնելով աշխատաշուկայի առկա պահանջներից։ Շնորհակալություն Աթենք ընկերության մեր գործընկերներին․ այսօր համալսարանի խորհրդատու-բարեկամ գործընկերների թիվը ավելացավ եւս մեկով, եւ այս միտումը լինելու է շարունակական։ Շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում բարեհաջող ուսումնական գործընթաց»։ Ուսանողների միջազգային օրվա առթիվ ռեկտոր Զաքոյանը շնորհավորեց ուսանողներին եւ մաղթեց, որ երիտասարդները երբեք չկորցնեն այն ակտիվությունը, համարձակությունն ու ավյունը, որ ունեն այժմ՝ ուսանողի կարգավիճակում։

«Աթենք» ընկերության երշիկի արտադրության տնօրեն Նարինե Երիցյանը ջերմորեն շնորհավորեց ուսանողներին լսարանի բացման եւ տոնի առթիվ եւ քաջալերեց լավ սովորել ու համարձակ գնալ մասնագիտական ուղիով։ «Աթենք ընկերությունը ներդրում է անում այն երիտասարդների կարիերայի մեջ, որ ոչ թե փորձ, այլ լավ մասնագետ դառնալու ներուժ ունեն։ Ես «Աթենք»-ում աշխատում եմ տասներեք տարի, եւ իմ օրինակը շատ վառ օրինակ է՝ մասնագիտական բարձունքի հասնելու առումով։ Նախապայմանը ուսումնառության տարիներին, որ ձեր լավագույն տարիներն են՝ համալսարանից առավելագույնը քաղելն է․ իսկ մենք ձեզ կօժանդակենք գործնական հմտություններ ու փորձ ձեռք բերելու գործում», – ասաց տիկին Երիցյանը։

Լսարանի բացման փաստով, կահավորմամբ ու տրամադրող միջավայրով ակնհայտորեն գոհ են նաեւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները։