Ուսանողները ծանոթացան «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրին՝ օրգանական հաց թխելով

Հուլիսի 14-ին ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի դասավանդող դասախոսները օրգանական գյուղատնտեսության ոլորտում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողներին ներկայացրին այս նորարարական կրթական ծրագիրը։ ՀԱԱՀ եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում, մասնակցային բարձրագույն կրթություն» (SOAA) նախագծի պատասխանատուները ընտրել էին ծրագիրը ներկայացնելու հետաքրքիր ձեւաչափ՝ զուգակցելով օրգանական հացաթխման հետ։
Մագիստրոսական ծրագրում դասավանդող տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանի ներկայացմամբ ուսանողները ծանոթացան առողջ եւ օրգանական սննդամթերքի արտադրության եւ վերամշակման գործընթացին եւ անձամբ մասնակցեցին օրգանական հացի թխմանը։
Ինչպես նշեց SOAA նախագծի համադրող Լուսինե Նալբանդյանը, նախաձեռնությունը այն ուսանողների համար էր, որոնք ցանկանում են ավելին իմանալ Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագրի մասին եւ ծանոթանալ դասավանդող դասախոսների հետ։
Օրգանական, գլյուտենազերծ հաճարի ալյուրից հաց թխելուց բացի, մասնակիցները նաեւ կատարեցին լաբորատոր փորձեր՝ բացահայտելու հացի որոշ ֆիզիկաքիմիական ցուցանիշներ։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ օրգանական գյուղատնտեսության ծրագրի մի շարք առանձնահատկություններ եւ առավելություններ, որոնց շարքում հատկանշական է հատկապես մեկ կիսամյակ Վիեննայի բնական ռեսուրսների եւ կենսագիտության համալսարանում (BOKU) ուսանելու հնարավորությունը:
Միջոցառման ավարտին մասնակիցները համտեսեցին իրենց պատրաստած անուշաբույր օրգանական հացն՝ օրգանական մեղրով: