Շրջափոխում, հաճախումներ․․․ նոր մեգանախագիծ․ ռեկտորատի նիստը

rectorat-glxavor

Ռեկտորատի հերթական նիստը կայացավ սեպտեմբերի 28-ին՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից առաջինը քննարկվեց այս ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխումը։ Դեկանների, քոլեջների եւ մասնաճյուղերի տնօրեննների զեկուցումներից պարզ դարձավ, թե յուրաքանչյուր ստորաբաժանումում քանի ուսանող է զրկվել անվճար տեղերից եւ քանիսը՝ ձեռք բերել։
Ռեկտոր Ուռուտյանը շեշտեց, որ շրջափոխման զգայուն հարցում առավելագույն անկողմնակալություն ապահովելու առումով խիստ կարեւոր է, որ գործընթացն իրականացվի ավտոմատ համակարգի միջոցով՝ մարդկային գործոնը հասցնելով նվազագույնի։ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանի հավաստմամբ, համակարգը մյուս տարի հենց այդպես էլ «կվարվի», երբ լուծած կլինենք առայժմ դեռ առկա որոշ ծրագրակազմային եւ արտադրական փորձուսուցումների գնահատման համակարգին առնչվող խնդիրները։ Համակարգն առաջին անգամն է գործարկվում՝ նշեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, որը լիահույս է, որ եկող տարի այն կգործարկենք առանց խնդիրների։
Շրջափոխման արդյունքների հաստատումից հետո ռեկտորատը քննարկեց հաճախումների «հավերժական» թեման։ «Խնդիրներ կան բոլոր կուրսերում՝ տարբեր պատճառներով, որոնք վերլուծել ենք, ամենօրյա ռեժիմով էլ աշխատում ենք ուսանողների հետ, սակայն բացակայությունների հիմնական պատճառը ուսանողների աշխատելն է», – դիտարկումը Ագրոնոմիականի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանինն է, որ, ըստ էության, հաստատեցին մյուս ստորաբաժանումների ղեկավարները։
Ռեկտոր Ուռուտյանը եւս մեկ անգամ կարեւոր համարեց բացատրական աշխատանքը, հատկապես՝ առաջինկուրսեցիների շրջանում։ Կարեւոր է, որ իրենք վաղօրոք պատշաճ կերպով իրազեկված լինեն՝ նախքան «կարմիր գծին» հասնելը, շեշտեց ռեկտորը։
Նիստն առանձնացավ նոր կառույցի՝ Էթիկայի հանձնաժողովի ստեղծմամբ, որի կարեւորության գիտակցումը վաղուց կար մեր համալսարանում։ Հանձնաժողովի կազմում առաջադրվեցին աշխատակազմի, իրավաբանական բաժնի, ուսխորհրդի եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ «Խնդիրներ՝ միջանձնային հակասություններ, բարեվարկության նորմերի խախտումներ եղել են եւ լինում են․ հանձնաժողովը քննութան կառնի եւ համապատասխան որոշումներ կկայացնի՝ ՀՀ օրենսդրության եւ ՀԱԱՀ կանոնակարգերի հիման վրա։
Օրակարգային հիմնական հարցերից մեկն էլ ռեկտորատի աշխատանքային պլանի հաստատումն էր։
Ընթացիկ հարցերը ներառում էին մասնագիտական կրթական ծրագրերի հանձնաժողովների կազմերի համալրումը․ միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի՝ կազմերի համալրման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներն ուղղված էին բուհի հավատարմագրման գործընթացը հնարավորինս սահուն ու արդյունավետ անցկացնելուն։ Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ այս կարեւոր գործընթացի հաջողությունը նպաստելու է համալսարանի հեղինակության բարձրացմանն ու մեր հետազոտող դասախոսների մասնագիտական ցանցի ընդլայնմանը։ «Որակավորման գործընթացը շատ ուսուցողական էր եւ շատ բան ի հայտ բերեց, ներառյալ մեր ունեցած գիտական լուրջ ներուժը․ գիտական կենտրոնների ղեկավարնեը պետք է ըստ ամենայնի ի ցույց դնեն, առաջ քաշեն իրենց լավագույն ուժերին», – ասաց պարոն Ուռուտյանը։
Ռեկտոր Ուռուտյանը նիստն ավարտեց ուրախալի լուրով՝ համալսարանը հեռանկարային նոր մեգանախագծի մաս է կազմել։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ համալսարանը լուրջ ներդրում կունենա Հայաստանում աշխատուժի զարգացման նպատակ հետապնդող նախագծի, որը, մասնավորապես ուղղված կլինի երիտասարդությանը եւ կանանց տնտեսության առանցքային ոլորտներ ներգրավելուն։