Դիմացե՛ք: Պարտավոր ենք դիմանալ-դիմակայել բոլոր մարտահրավերներին…
Ագրոնոմիականի ուսխորհուրդը մեծարման էր հրավիրել ֆակուլտետի՝ 44 օրյա պատերազմի մասնակից տղաներին: Համեստ, սակավախոս, անժպիտ մեր տղերքը: Կորցրած ընկերների խնկելի հիշատակները միշտ իրենց հոգիներում անթեղած: Սահմռկեցնող տեսարանները հիշողության մեջ դաջված: Մարտիրոսված տղերքի լույս հիշատակն ու անունները սրբությամբ պահող: Այսուհետ նրանց փոխարեն էլ հայրենիքի համար պատասխանատու են ապրողները…
Ուսանողները մեր հերոսների մասին տեսահոլովակներ էին պատրաստել, փոքրիկ կոմպոզիացիա ներկայացրին՝ մի քիչ կարկամած, շատ լավ գիտակցելով, որ լռությունն ամենախոսունն է նման դեպքերում…
Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը քաջալերելով երիտասարդների նախաձեռնությունը, նկատեց, թե յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երկրի-ժողովրդի ճակատագիրը միայն մարտի դաշտում չի որոշվում, հաղթանակը միայն բազկի ուժով չի բերվում: Ամեն մեկս մեր տեղում անմնացորդ նվիրումով պետք է ծառայենք մի նպատակի՝ զորացնել հայրենի տնտեսությունը: Ագրոնոմիական ֆակուլտեի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, դիմելով երիտասարդներին, ցավով նկատեց. «Ներեցեք, որ բոլոր հարցերում չէ, որ կարողանում ենք ձեզ նեցուկ լինել: Ձեր անունները պատմությունն արդեն գրել է ոսկե տառերով եւ դուք պետք է օրինակ լինեք մյուսների համար, թե ինչպես է պետք ապրել»:
Վերջում դեկանը շնորհակալագրեր հանձնեց պատերազմի մասնակից ուսանողներին:
Շնորհակալություն, տղաներ, որ ետ եք եկել, ապրեցեք երկար…