Նշվեց Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Սննդի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ամբողջ աշխարհում նշվող տոնի այս տարվա թեման է՝ «Սննդամթերքի չափորոշիչները կյանքեր են փրկում»։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, ամեն տարի 10 մարդուց մեկն ունենում է սննդային ծագում ունեցող հիվանդություն, իսկ սննդի չափորոշիչներն իմանալը մեզ կօգնի ճանաչել՝ արդյոք անվտանգ ենք սնվում։
Ռեկտոր Ուռուտյանը, տոնի առթիվ շնորհավորելով սննդամթերքի արտադրության ամբողջ արժեշղթայում ներգրավված մարդկանց, ներկայացրեց Ագրարային համալսարանի՝ սննդի անվտանգության հետ անմիջական կապ ունեցող կրթական ծրագրերը, ինչպես նաեւ նորարարական ենթակառույցները՝ Ակունքի օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական տնտեսությունը, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան, Բալահովիտի ՈՒՓՏ Կաթնամթերքի վարպետաց դպրոցը եւ այլն։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ էկոնոմիկայի, առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարությունների պատասխանատուները, ոլորտում գործող միջազգային կառույցների, ՀԿ հանրության ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, իսկ վարողը Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանն էր։
Տեղի ունեցավ «Ստանդարտներ եւ սննդի անվտանգություն» եւ «Ստանդարտներ եւ արտահանում» թեմաներով հետաքրքիր, շահագրգիռ պանելային քննարկում։