Մրցույթը հաղթահարած յոթ ուսանող չորսամսյա փորձուսուցման նպատակով կմեկնի Ֆրանսիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի զարգացման նպատակով Ֆրանսիայի կառավարության հատկացրած դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեր համալսարանի 20 ուսանող ֆրանսերենի ուսուցման 6-ամսյա ինտենսիվ դասընթաց է անցել։

Սկսելով լեզվի իմացության զրոյական մակարդակից, դասընթացի մասնակից ուսանողները կարողացել են բավական առաջընթաց գրանցել։ Ավելին՝ նրանցից յոթը հաղթահարել է մրցույթը եւ հնարավորություն ստացել մեկնելու Ֆրանսիա՝ լեզվի իմացությունը կատարելագործելու եւ չորս ամսով փորձուսուցում անցնելու նպատակով։ Ընտրված ուսանողներից 6-ը Ագրոնոմիական ֆակուլտետից է, մեկը՝ անասնաբույժ։ Ագրոնոմները կմեկնեն օրերս, իսկ անասնաբույժը՝ հունիսին։

Ֆրանսիական կողմի հետ ծավալված, ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ձեւակերպմամբ՝ տարբերվող ձեւաչափով ու գործելակերպով համագործակցությունը համակողմանի ընդգրկում ունի եւ ներառում է նաեւ Դիժոնի ագրոինստիտուտի (Institut Agro Dijon) համակարգմամբ եւ ՀԱԱՀ-ի ու ԵՊՀ-ի օժանդակությամբ մայիսի 11-15-ը անցկացվելիք Ամառային դպրոցը՝ «Կամրջելով ֆիզիկական քիմիան կենսաբանության եւ ագրոգիտությունների հետ․ ներկա միտումները եւ կիրառությունները» թեմայով, ինչպես նաեւ մեր համալսարանի կարիքների վերհանման հիման վրա ներկայացված դրամաշնորհային 2-րդ ծավալուն նախագիծը, որի շրջանակում, մասնավորապես, ՀԱԱՀ-ի 4 աշխատակից կգործուղվի Ֆրանսիայի տարբեր համալսարաններ՝ վերապատրաստման նպատակով։

Հիշեցնենք, որ ֆրանսիական կողմի հետ այսպիսի նպատակային եւ արդյունավետ համագործակցությունը հնարավոր է դարձել Ֆրանսիայի կառավարության՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, հատկացրած դրամաշնորհի, այլ խքսքով՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի բարի կամքի եւ հուսալի գործընկերության շնորհիվ։