Միջամբիոնային համագործակցություն․ բանախոսություններ՝ աշխատանքի իրավունքի եւ հարկային վարչարարության թեմաներով

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, երկրորդ մասնաշենքի ընթերցասրահում ուսանողներն ու աշխատակիցները պատեհություն ունեին բանախոսություններ լսելու աշխատանքային իրավունք (Հասարակական գիտությունների ամբիոնի ասիստենտ Քրիստինե Ավագյան) եւ հարկային վարչարարություն (Ագրարային էկոնոմիկայի աբմբիոնի ասիստենտ Մարտին Հովհաննիսյան) շատ արդիական եւ կարեւոր թեմաներով:

Ինչպես մեկնարկի խոսքում նկատեց Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան (հիշատակված երկու ամբիոնն էլ այս կառույցում են), տ.գ.թ. Հրաչյա Գրիգորյանը՝ դասախոսությունների շարքը նոր չի մեկնարկում եւ այն շարունակական է լինելու: Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության թեկնածու Մերի Նաջարյանը կարեւորեց միջամբիոնային համագործակցության այս շատ օրինակելի փորձը:

Քանի որ երկու բանախոսն էլ համատեղման շնորհիվ` աշխատանքի բերումով, անմիջականորեն առնչվում են քննարկվող խնդիրներին, ապա իրենց հարուստ փորձը դիտարկելով, մասնավոր օրինակներից ընդհանուրին գնացող կարեւոր եզրահանգումներով էին շաղախում խոսքը: Գործատու, պարզապես աշխատող, թե տնտեսավարող, բոլորս պետք է տեղյակ լինենք մեր իրավունքների եւ պարտականությունների մասին: Չէ՞ որ չիմացությունը մեզ չի ազատում պատասխանատվությունից: Իսկ որ իրազեկ լինելը յուրաքանչյուր քաղաքացու սուրբ պարտականությունն է, անվիճելի է:

Եւ բնական էր, որ բանախոսներին ուղղված հարցերը շատ-շատ էին, լսարանը՝ հետաքրքրված: Ի դեպ, ինտերնետային ազդագրերից տեղեկացած հյուրեր ունեինք նաեւ այլ բուհերից՝ ուսանողներ (ապագա իրավաբաններ), որոնք շնորհակալությամբ շեշտում էին, որ մասնագիտական շատ կարեւոր գիտելիքների պաշար կուտակեցին: