Մեր հարցազրույցը ՀԱԱՀ-ի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գայանե Մելյանի հետ  

-Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում գիտական կենտրոնում։

-Գիտական կենտրոնը հետազոտություններ է իրականացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող բազային եւ գիտական ու գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) մեկական ծրագրի շրջանակում։

Բազային ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվում կենսատեխնոլոգիական (ներառյալ աէրոպոնիկ) մեթոդների կիրառմամբ բույսերի բազմացման տեխնոլոգիաների մշակման, վիրուսային, վիրոիդային, բակտերիալ, սնկային հիվանդություններից բույսերի առողջացման, բույսերի in vitro ընտրասերման եւ մոլեկուլային նույնականացման, վիրուսների ախտորոշման, գյուղատնտեսական  մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների ձեռքբերման, վերականգնման, բազմացման, հատկանիշների բնութագրման, գնահատման,  փաստաթղթավորման եւ Ex situ (սերմերով) եւ in vitro պահպանության ուղղություններով։

Կենտրոնում չափազանց կարեւոր աշխատանք է իրականացվում «Խաղողի ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրություն կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ» թեմատիկ ծրագրի շրջանակում, որը նպատակաուղղված է կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ ֆիլոքսերայի հետագա տարածման կանխարգելմանն ու վնասների մեղմմանը։

-Որո՞նք են կենսատեխնոլոգիական եւ ավանդական եղանակով բույսերի բազմացման տարբերությունները։

-Բույսերի բազմացման ավանդական մեթոդների համեմատությամբ կենսատեխնոլոգիական մեթոդն ունի մի շարք առավելություններ՝ 1) բազմացման բարձր գործակից, 2) մաքրասորտ, միատարր, առողջացված (բոլոր տեսակի ախտածիններից զերծ) տնկանյութի ստացում, հետեւաբար՝ արտադրանքի բարելավում եւ բերքատվության բարձրացում 50-60%-ով, 3) բույսերի բազմացում ամբողջ տարվա ընթացքում՝ կախում չունենալով սեզոնային փոփոխությունից, 4) ընտրասերման գործընթացի արագացում, 5) այնպիսի բույսերի բազմացում, որոնք չեն ենթարկվում ավանդական կտրոնային բազմացմանը:

Բույսերի վիրուսների, վիրոիդների դեմ ամբողջ աշխարհում քիմիական պայքար գոյություն չունի եւ առողջացված տնկանյութի ստացման միակ միջոցը կենսատեխնոլոգիական եղանակների կիրառումն է։

-Կենտրոնում գործում է մշակաբույսերի աճեցման աերոպոնիկայի համակարգը: Ի՞նչ է այն եւ ի՞նչ է տալիս մեր գյուղատնտեսությանը: 

-Աէրոպոնիկան արհեստական, առանց հողի բույսերի աճեցման  բարձր տեխնոլոգիական  մեթոդ է եւ, ի տարբերություն ավանդական եղանակների, հնարավորություն է տալիս  հանքային սնուցման, լույսի սպեկտրալ կազմի, միկրոկլիմայի պարամետրերի ճիշտ ընտրության շնորհիվ արդյունավետ կերպով կառավարել բույսերի նյութափոխանակությունը, որն էլ հնարավորություն է տալիս  բարձրացնել բերքի որակական եւ քանակական ցուցանիշները: Բացի այդ, այս տեխնոլոգիան նաեւ ջրախնայող է, բույսերն էլ զերծ են լինում հիվանդություններից եւ վնասատուներից։

Մեթոդի էությունն այն է, որ համակարգչի մեջ պարունակվող տեղեկությունների համաձայն, սննդարար լուծույթը բարձր ճնշման տակ, աէրոզոլի ձեւով պարբերաբար մղվում է անմիջապես բույսի  արմատային գոտի, որի շնորհիվ բույսերը ստանում են իրենց աճման տվյալ փուլին անհրաժեշտ բոլոր հանքային եւ ֆիզիոլոգիապես ակտիվ  նյութերը: Մեթոդը  կիրառելի է կարտոֆիլի, վարունգի, լոլիկի, ելակի, ծաղկաբույսերի, դեղաբույսերի եւ այլ մշակաբույսերի համար:

-Ձեր գիտական կենտրոնում է գտնվում ազգային կարեւոր հարստություն՝ Գենետիկական ռեսուրսների ազգային բանկը։ Ի՞նչ է այն ներկայացնում եւ այս փուլում ի՞նչ ունենք այդ բանկում:

-Առհասարակ բույսերի գենոֆոնդը մարդկության անգնահատելի հարստությունն է։ Բույսերի գենետիկական ռեսուրսների (ԲԳՌ) ազգային բանկը առանցքային դեր ունի բույսերի կենսաբազմազանության երկարատեւ պահպանության, այն սերնդից սերունդ փոխանցելու, վտանգված ԲԳՌ-ների  վերականգման, բույսերի բարելավման, ընտրասերումնաբանների, գենետիկոսների, ֆերմերների եւ այլոց համար այդ ռեսուրսներից օգտվելու մատչելիության եւ պարենային ապահովության մակարդակի բարձրացման տեսանկյունից։

Ներկայում գենբանկում պահպանվում է պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների (ՊԳԲԳՌ) շուրջ 2550 նմուշ, ընդ որում առաջնայնությունը տրվում է տեղական ծագում ունեցող բույսերին: ՊԳԲԳՌ պահպանությունը իրականացվում է  Еx situ՝ բույսերի  աճման բնական միջավայրից դուրս՝ սերմերով եւ in vitro (վեգետատիվ բազմացող բույսեր, որոնց պահպանումը սերմերով աննպատակահարմար է)։ Գենբանկը պահպանում է ՀՀ բույսերի գենետիկական ռեսուրսների տվյալների ազգային բազան։ Նմուշների անձնագրային տվյալները մուտքագրվում են համակարգիչ՝ ICARDA-ի ձեւաչափով։

-Հայտնի է, որ վերջին մեկ տարում ՀԱԱՀ-ի ղեկավարությունը մեծապես խրախուսում է համալսարանում ստեղծվող գիտական արդյունքների հանրայնացումն ու առեւտրայնացումը, եւ այս իմաստով արդեն արձանագրում ենք որոշակի հաջողություններ։ Այս տեսանկյունից, տնտեսապես կարեւոր մշակաբույսերի՝ կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ զանգվածային բազմացման տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման ուղղությամբ Ձեր Կենտրոնում կատարված աշխատանքներն ի՞նչ արդյունք կարող են ստեղծել մոտ ապագայում տնտեսության մեջ, արդյունաբերական չափացույցերով:

-Ֆինանսական ներդրման դեպքում կենսատեխնոլոգիական (աէրոպոնիկ) մեթոդների  ծավալային ներդրմամբ մասնավորապես կարող ենք կազմակերպել ՀՀ-ում  կարտոֆիլի վիրուսազերծ  էլիտային տնկանյութի  արտադրությունը եւ բավարարել կարտոֆիլի առողջ տնկանյութի՝ երկրի ամբողջ պահանջարկը։ Այդ պահանջարկը ներկայումս բավարարվում է ի հաշիվ արտերկրից տնկանյութի ներկրման, քանի որ ՀՀ-ում չունենք կարտոֆիլի կարգավորված սերմնաբուծություն: Ներկրված տնկանյութը հիմնականում թանկ է եւ մատչելի չէ ֆերմերային տնտեսությունների մեծամասնության համար, հաճախ էլ  որակը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին:

Մենք կարող ենք նաեւ իրականացնել խաղողի, խաղողի ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների (ավելորդ է նշել այս խնդրի հրատապությունը), պտղատուների ցածրաճ պատվաստակալների, անփուշ մոշի, ելակի, ծաղկային մշակաբույսերի (մեխակ, էուստոմա) առողջացված, մաքրասորտ տնկանյութի լայնածավալ արտադրություն։

Տեղում արտադրված տնկանյութն արտերկրից ներմուծվածի համեմատությամբ կունենա ցածր արժեք: Կսահմանափակվի արտերկրից բույսերի  տնկանյութի ներկրումը եւ հետեւաբար՝ վտանգավոր հիվանդությունների ու վնասատուների (ֆիտոպլազմային, վիրուսային եւ այլն) ներթափանցումը՝ եւս մեկ խնդիր, որին բախվում ենք այսօր։

-Չենք կարող շրջանցել նաեւ թագավարակով պայմանավորված ճգնաժամը ի՞նչ դժվարություններ է այն հարուցում կենտրոնի աշխատանքում։  

-Թվարկածս աշխատանքներն իրականացնում են կենտրոնի 18 աշխատակիցները, որոնցից 10-ը գիտական աշխատողներ են, 6-ը՝ գիտական աստիճանով: Պարզ է, որ արտակարգ դրության ռեժիմը որոշակի դժվարություններ է առաջացնում կենտրոնի աշխատանքի լիարժեք արդյունավետության առումով, մինչդեռ մեր իրականացրած հետազոտություններն ամենօրյա հսկողություն են պահանջում եւ շատ աշխատատար են: Մասնավորապես, սահմանափակումների հետեւանքով հետաձգվել են  կենսատեխնոլոգիական մեթոդներով արտադրված որոշ բույսերի փոքր ծավալներով փորձացուցադրությունների կազմակերպումը ֆերմերային տնտեսություններում, ինչպես նաեւ ԲԳՌ-ների համակեցությունների ուսումնասիրման ու սերմերի հավաքման նպատակով արտասահմանյան կազմակերպությունների մասնագետների հետ համատեղ գիտարշավների կազմակերպումը։

Այսուհանդերձ, բոլոր ագրարայինցիների թվում Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի թիմը լավատեսությամբ է համակված, եւ համալսարանի հիմնադրման 90-ամյակի տարվա մեր նախանշած հաջողությունները դեռ կխոսեն իրենց մասին։