Մարզական անասնաբուժություն՝ չտրորված արահետ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ «Երեւան քաղաքի ձիասպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Քրիստինա Նեբոգովայի՝ հուլիսի 13-ին ստորագրած համագործակցության հուշագրով հեռանկարային գործակցության սկիզբ է դրվում միանգամայն նոր՝ մարզական անասնաբուժության ոլորտում։

Տիկին Նեբոգովայի եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, մոսկվաբնակ գործարար Արմեն Աղաջանյանի հետ զրույցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանն ասաց, որ մարզական անասնաբույժների պահանջարկը ձիասպորտի բնագավառում կա, համալսարանին այս հարցով դիմում են։ Ակնհայտ է, որ «քնած» ոլորտը սկսում է զարգանալ։ Պարոն Ուռուտյանը նշեց, որ համալսարանը պատրաստ է հստակ ձեւակերպել այդ պահանջարկը, եւ համապատասխան կրթական ծրագրի մշակմամբ այն դնել հաստատութենական հիմքերի վրա։ Ոլորտի կայացման համար լավ նախադրյալ է նաեւ ներդրողների առկայությունը։

Հյուրերն իրենց հերթին պատմեցին ոլորտի զարգացման իրենց տեսլականի, ձեռնարկած քայլերի, ինչպես նաեւ այն նպաստավոր միջավայրի համար, որ իրենք այսօր արդեն ձգտում են ստեղծել մեր ուսանողների համար՝ արդյունավետ մասնագիտական փորձառություն անցնելու համար։ Այս պահին մեր չորս ուսանողներ մեծ հաճույքով ու «փայլող աչքերով» փորձուսուցում են անցնում Երեւանի ձիասպորտի ֆեդերացիայում։

Մեր նոր գործընկերները նշում են նպատակային երկու ուղղվածություն, որոնց պետք է հետամուտ լինեն երիտասարդ մասնագետները՝ մարզական անասնաբուժություն եւ տոհմային աշխատանք։ Երկու բաղադրիչների շրջանակում էլ ֆեդերացիան եւ պարոն Աղաջանյանը լուրջ ծրագրեր ունեն, որոնք միանգամայն համահունչ են մեր համալսարանի մասնագիտական եւ ենթակառուցվածքային ներուժին, նոր զարգացումներին արագ արձագանքելու կարողությանը եւ բաց աշխատելաոճին։